
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Իրաքում իր առաքելությունը կավարտի 2026 թ․ աշնանը

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան իր առաքելությունն Իրաքում կավարտի 2026 թվականի սեպտեմբերին։
Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա աս-Սուդանին BBC-ին տված հարցազրույցում։
«Միջազգային կոալիցիայի առաքելությունն Իրաքում կավարտվի 2026 թվականի սեպտեմբերին։ Մենք երկխոսություն ենք վարում կոալիցիայի երկրների հետ՝ անվտանգության ոլորտում երկկողմ հարաբերություններին անցում կատարելու համար», – հարցազրույցից հատված է մեջբերում Իրաքի լրատվական գործակալությունը (INA)։
«Մենք երկխոսության երկու փուլ անցկացրեցինք Միացյալ Նահանգների հետ Բաղդադում և Վաշինգտոնում, և մենք կանցկացնենք երրորդ փուլը՝ ձևավորելու անվտանգության հարաբերությունների ձևաչափը՝ սահմանադրությանը և օրենքին համապատասխան», – հավելել է նա։Վարչապետի մամուլի գրասենյակի հայտարարության համաձայն՝ աս-Սուդանին, անդրադառնալով Իսրայելի և Իրանի միջև վերջերս տեղի ունեցած հակամարտությանը, նշել է, որ Իրաքը լավ հարաբերություններ է պահպանում Իրանի և Միացյալ Նահանգների հետ:
«Մենք լավ հարաբերություններ ունենք Իրանի և Միացյալ Նահանգների հետ, և երկուսն էլ գնահատում են Իրաքի կայունության և իրենց միջև լարվածության պայմաններում Իրաքին որևէ հակամարտության մեջ չներքաշելու կարևորությունը»,- ընդգծել է նա։ Աս-Սուդանին մատնանշել է, որ «իսրայելական ռեժիմի կողմից Իրաքի օդային տարածքի խախտումն ինքնիշխանության և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է»:
«Մենք պաշտոնական բողոք ենք ներկայացրել Անվտանգության խորհրդին և դիվանագիտական գործողություններ ձեռնարկել՝ մեր դիրքորոշումը պաշտպանելու համար», – պարզաբանել է նա՝ հավելելով, որ «պատերազմի ընդլայնումը կվնասեր Իրաքի անվտանգությանն ու կայունությանը, կազդեր էներգակիրների մատակարարման և տարածաշրջանի երկրներ նավթի արտահանման վրա»։ Աս-Սուդանիի խոսքով՝ «Իրանում ռեժիմի տապալման ուղղությամբ աշխատանքը լուրջ հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար»։
2014 թվականի ամռանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ) զինյալները գրավեցին Իրաքի տարածքի մոտ մեկ երրորդը:
2015 թվականին միջազգային կոալիցիայի աջակցությամբ Իրաքի կառավարական ուժերը սկսեցին լայնածավալ արշավ՝ ծայրահեղականների կողմից գրավված տարածքները ազատագրելու համար: 2017 թ. դեկտեմբերին Իրաքի կառավարությունը հայտարարեց ԻՊ-ի վերջնական պարտության մասին:
2021 թ. դեկտեմբերին Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնեց, որ միջազգային կոալիցիան ավարտել է իր զորքերը երկրից դուրս բերելու գործողությունը, բայց պահպանել է ներկայությունը ռազմական խորհրդականների մակարդակով։ 2024 թ․ սեպտեմբերին աս-Սուդանին ընդգծեց, որ այլևս անհրաժեշտություն չկա, որ ամերիկյան զորքերը մնան Իրաքում, և դրանց դուրսբերման ժամանակացույցը շուտով կհայտարարվի։