
#ՀԻՄԱ. ՑՈՐԻ ԶՈՐԱՄԱՍԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ջալալ Հարությունյանի կամ Ցորի զորամասի գործով դատական նիստը, որին ներկա է ՊԲ նախկին հրամանատարը:
Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը ներկայացրել է պաշտպանական կողմի բողոքը:
«Պաշտպանական կողմը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ են տրվել մի շարք նյութական և դատավարական բնույթի խախտումներ, որոնք հանգեցրել են մեղադրյալ Ջալալ Հարությունյանի մի շարք իրավունքների խախտման: Այսինքն, կայացվել է անհիմն և չպատճառաբանված մեղադրական վերդիկտ: Ընդ որում, դատարանն ապօրինի կերպով հաստատված է համարել մեղադրանքում նշված այնպիսի փաստական հանգամանքներ, որոնց մի մասն առնվազն չի ապացուցվել, իսկ մյուս մասն առերևույթ հերքվել է:
Այսպես՝ դատարանն արարքը համարել է հանցագործություն՝ հանցակազմի առերևույթ հանցակազմի պայմաններում:
Եթե նույնիսկ Ջալալ Հարությունյանին մեղսագրված փաստական հանգամանքները պայմանականորեն ընդունենք՝ որպես հաստատված, դրանք, միևնույն է՝ չեն պարունակում հանցակազմ, քանի որ առերևույթ բացակայում է թե՛ հանցագործության սուբյեկտը, թե՛ օբյեկտիվ կողմի հատկանիշներից երկուսը, այն է՝ հանրորեն վտանգավոր արարքը և մեղսագրված արարքի ու հետևանքի միջև պատճառահետևանքային կապը»,- նշել է գեներալի փաստաբանը:
Նշենք, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն իր հերթին պահանջում է բեկանել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և Ջալալ Հարությունյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման, ոչ թե 5 տարի 6 ամսվա։
Իսկ Ջալալ Հարությունյանի փաստաբանը շարունակել է, որ Դ-20 դիվիզիոնում եղել է կառավարման ճգնաժամ:
Մանրամասները՝ տեսանյութում