Ալիևի օգնականը հաստատել է, որ Բաքվում առնվազն երեք փուլով թուրք-իսրայելական բանակցություններ են անցկացվել

2023 թվականին Լեռնային Ղարաբաղը վերագրավելուց հետո աճող ազդեցության շնորհիվ Ադրբեջանն օգտագործում է Իսրայելի և Թուրքիայի հետ իր սերտ կապերը՝ Սիրիայում տարածաշրջանային թշնամիների միջև լարվածությունը մեղմելու համար»։ Այս մասին ասվում է AFP-ի անդրադարձում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հաստատել է, որ Բաքվում առնվազն երեք փուլով բանակցություններ են անցկացվել Թուրքիայի և Իսրայելի միջև, որոնք երկուսն էլ գործում են Սիրիայում՝ նվազեցնելու այն, ինչը նրանք համարում են անվտանգության սպառնալիք։

«Ադրբեջանը դիվանագիտական ​​ջանքեր է գործադրում համաձայնության հասնելու համար։ Ե՛վ Թուրքիան, և՛ Իսրայելը վստահում են մեզ»,- ասել է Հաջիևը Բաքվում թուրք լրագրողների հետ զրույցում։ Լրատվամիջոցն ընդգծում է, որ որպես Թուրքիայի մտերիմ դաշնակից և ռազմավարական գործընկեր՝ Ադրբեջանի դիրքորոշումը մշտապես համընկնում է Անկարայի դիրքորոշումների հետ միջազգային կարևոր հարցերում, այդ թվում՝ սիրիական հարցում։ Բայց Բաքուն նաև լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, որը մեծապես կախված է ադրբեջանական նավթից և Ադրբեջանի զենքի խոշոր մատակարար է։

Եվ հիմա, ըստ հրապարակման, Բաքուն, որը կապեր է հաստատել Սիրիայի նոր կառավարիչների հետ, առաջ է մղում լուռ դիվանագիտությունը՝ նպաստելով Թուրքիայի և Իսրայելի միջև տեխնիկական բանակցություններին։ «Մենք հաջողակ կլինենք, եթե երկու կողմերը համաձայնության գան ընդհանուր մոդելի շուրջ, որը կհարգի միմյանց մտահոգությունները»,- AFP-ին ասել է Բաքվի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը՝ հավելելով, թե «Սիրիան, հատկապես՝ նրա հյուսիսային տարածքները, Թուրքիայի անվտանգության մտահոգության առարկա են ահաբեկչական խմբավորումների առկայության պատճառով, մասնավորապես, քուրդ զինյալների»։

Նա հավելել է, որ Թուրքիան ցանկանում է վերահսկել Սիրիայի հյուսիսը, բայց նաև «ավելի ուժեղ ներկայություն ունենալ» Պալմիրայի և T4 ավիաբազաների շուրջ՝ Դամասկոսի շրջակայքում անվտանգությունն ապահովելու համար։ Թուրքիայի և Իսրայելի միջև կապերը խզվել են Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմի պատճառով, և Անկարան պնդում է, որ բանակցությունները միայն տեխնիկական են։ «Քանի դեռ Գազայում պատերազմը շարունակվում է, Թուրքիան չի կարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ»,- AFP-ին ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։

Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը Գազայում պատերազմի պատճառով։ Սակայն որոշ թուրք ընդդիմադիր գործիչներ քննադատում են Անկարային՝ պնդելով, որ առևտուրը շարունակվում է, մասնավորապես, նավթի առաքումները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով, որն ադրբեջանական նավթը հասցնում է Ջեյհանի հարավային նավահանգիստ, որտեղից այն առաքվում է Իսրայել։

Հաջիևը նաև ասել է, որ Բաքուն արժեքավոր աջակցություն է ստացել Իսրայելից Ղարաբաղյան հակամարտության ժամանակ, սակայն, կարծես, դժկամությամբ է մեկնաբանել նավթի հարցը։ «Մենք պատերազմի ժամանակ զենք ենք գնել Իսրայելից, վճարել ենք դրա համար, Իսրայելը մեզ դիվանագիտական ​​աջակցություն է ցուցաբերել։

Ադրբեջանական նավթը հասնում է Ջեյհան, բայց երբ այդ նավթը բեռնվում է բաց ծովում նավարկող նավերի վրա, դուք չեք կարող վերահսկել վերջնական նպատակակետը։

Դրանք համաշխարհային նավթային շուկայի կանոններն են»,- ասել է նա։ Սիրիայի հարցով Թուրքիա-Իսրայել երկխոսությունը խթանելու գործում էլ Ադրբեջանը խաղում է «ռազմավարական դեր», ասել է Բաքվի քաղաքագետների ակումբի նախագահ Զաուր Մամեդովը։

«[Դա] արտացոլում է Ադրբեջանի աճող ազդեցությունը որպես միջնորդ՝ տարածաշրջանային դերակատարների շրջանում»,- նշել է նա։ Թուրք վերլուծաբան Սերկան Դեմիրթաշն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը միջամտել է՝ կանխելու համար Թուրքիայի և Իսրայելի միջև հնարավոր բախումը՝ Ասադի տապալումից հետո Սիրիայում նրանց հակասական անվտանգության շահերի շուրջ։

«Տարածաշրջանում իր երկու լավագույն դաշնակիցների միջև առճակատումն իրավիճակ է, որն Ադրբեջանը բացարձակապես չի ցանկանում: Ստացվող լուրերը ցույց են տալիս, որ առաջընթաց է գրանցվել։ Սա վկայում է ածխաջրածնային պաշարներով հարուստ Ադրբեջանի ազդեցության աճի մասին տարածաշրջանում ղարաբաղյան պատերազմից հետո»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքվում բանակցություններից հետո Իսրայելը և Թուրքիան սկզբունքային համաձայնության են եկել Սիրիայում երկու երկրների զինված ուժերի միջև անցանկալի միջադեպերը կանխելու նպատակով և ստեղծել են թեժ գիծ։

Factor.am

Տեսանյութեր

Լրահոս