
ՌԴ առաջարկն էր՝ վերադարձնել 5 շրջան, կարգավիճակի հարցը թողնելով ապագա սերունդներին, մերժվեց. Լավրով
«ՌԴ առաջարկը երևի թե ավելի լավն էր, քան այն, ինչ ստացվեց»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ ռուսական առաջարկներին:
Նա նշեց,որ ռուսական կողմին ոչ ոք չի կարող փնովել, որովհետև ամենաքիչը վերջին 20 տարիներին և՛ նախագահ Պուտինը, և՛ նախագահ Մեդվեդևը, հետո նորից նախագահ Պուտինը առաջ էին մղում լուծումներ, որոնք խաղաղ բանակցությունների միջոցով ապահովում էին արդար մոտեցում:
«Հիշեցնեմ, թե ինչի մասին էր խոսքը՝ ադրբեջանական 7 շրջաններից տալ 5-ը, որպես առաջին քայլ և որպես միջանկյալ փուլ պահպանել Քարվաճառի ու Լաչինի շրջանները, որոնք ահռելի տարածքներ են՝ Հայաստանն ու Ղարաբաղը միմյանց կապող, պահպանել դրանք այն կարգավիճակում, ինչ կարգավիճակում էին այդ պահին, հետաձգելով ԼՂ կարգավիճակի վերջնական լուծումը երկար տարիներով, իսկ փաստացի խոսքը գնում էր հետագա սերունդներին թողնելու մասին»,- ասաց Լավրովը՝ շարունակելով, որ դա թերևս ավելի լավ լուծում էր, քան այն, ինչ ստացվեց:
«Ինչո՞ւ, որովհետև այդ կոմպրոմիսային առաջարկները, որոնք տարիներ շարունակ առաջ էին մղվում ռուսական ղեկավարության կողմից, մերժվեցին: Սա էլ ընտրության իրավունքն է»,- նկատեց Լավրովը: