
«Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում հաղթեց Ավստրիան. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

«Եվրատեսիլ 2025» երգի հեղինակավոր մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 17-ին Շվեյցարիայի Բազել քաղաքի St. Jacobshalle արենայում, հաղթեց Ավստրիան, որը ներկայացրեց JJ-ը՝ Wasted Love երգով:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Իսրայելը, երրորդը՝ Էստոնիան:
Ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակ Պարգը Survivor երգով 12 միավոր ստացավ Մալթայից, 10 միավոր՝ Ֆրանսիայից, 1-ական միավորներ՝ Դանիայից, Իռլանդիայից, Մոնտենեգրոյից, 4 միավոր՝ Լատվիայից, 3-ական միավոր՝ Հունաստանից, Վրաստանից, 2 միավոր՝ Սերբիայից, 5 միավոր՝ Իսրայելից:
Հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակը վաստակեց 72 միավոր և զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը:
Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները հայտարարեց Լուսինե Թովմասյանը: Հայաստանը 12 միավորը շնորհեց Ֆրանսիային:
Եզրափակչում Հայաստանից զատ հանդես եկան Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Էստոնիան, Իսրայելը, Լիտվան, Իսպանիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Ավստրիան, Իսլանդիան, Լատվիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Իտալիան, Լեհաստանը, Գերմանիան, Հունաստանը, Շվեյցարիան, Մալթան, Պորտուգալիան, Դանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Սան Մարինոն, Ալբանիան: