
Ինչ ցանել եք, այն հնձում եք, ու պետք չէ գերդոզավորել հետևանքը՝ անտեսելով պատճառը. կամ՝ ինչպես Մերձավանի դպրոցի աղմուկի մեջ կորավ բովանդակությունը

Օրեր առաջ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավանի դպրոցում խայտառակ իրավիճակ էր ստեղծվել: Տեսախցիկների ներկայությամբ, ուղիղ եթերում մի ամբողջ դպրոցի աշակերտական, ուսուցչական ու ծնողական համայնքներ դուրս էին եկել մեկ ուսուցչի դեմ: Դուրս էին եկել դաժանաբար՝ ուսուցչին մեղադրելով տարատեսակ՝ մանկավարժին ոչ վայել արարքների ու մասնագիտական խնդրահարույց պահվածքի մեջ:
Աշակերտները սուլում էին, գոռում, ծնողները ծափահարում էին, ուսուցիչներն իրենց պահվածքով համաձայնում էին այդ գործողությունների հետ, «հանցագործ» ուսուցիչն էլ պաշտպանվում էր, ինչպես կարողանում էր:
Ուսուցիչ չսիրող հայ հանրությունը տարօրինակ կերպով համախմբվեց ուսուցչի շուրջ՝ գրառումներ, աջակցության խոսքեր, անգամ դրամական նվիրատվություններ եղան՝ ի աջակցություն ուսուցչի:
Միահամուռ կերպով աշակերտներին ու նրանց ծնողներին դատապարտող հայտարարություններով հանդես եկան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարը, ՔՊ-ական պատգամավորներ: Հատկանշական է, որ վերջիններս շեշտում էին՝ ուսուցիչը թիրախավորվել է, որովհետև Նիկոլ Փաշինյանի և ՔՊ համակիր է եղել:
«Դպրոցը բազմաթիվ խնդիրներ ունի, այո, բազմաթիվ խնդիրներ կան ուսուցիչների որակի, հմտությունների, ցանկացած այլ ուղղություններով։ Բայց ոչ ոք երբեք չպետք է ուսուցչի հետ վարվի այնպես, ինչպես տարածված տեսագրության մասնակիցները։
Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ։ Որոշ դեպքերում նաև՝ զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է»,- մասնավորապես գրել էր Ժաննա Անդրեասյանը:
Եվ ոչ մի խոսք՝ իրենց պատասխանատվության մասին:
ԿԳՄՍ նախարարին ուզում ենք հիշեցնել, որ 2018թ.-ից առաջ ոհմակային հոգեբանությամբ որևէ դպրոցում բոլորով մեկի վրա չէին հարձակվում, որքան էլ այդ մեկը սխալ լիներ:
Այն ԿԳ նախարությունում, որը ղեկավարում էր նժդեհական, իսկ Ժաննա Անդրեասյանի մտածողության մեջ՝ «ֆաշիստական» գաղափարախոսություն կրող նախարար, չէին խրախուսվում ուսուցիչների վրա «գործ տալը», բողոք գրելը, ինչը հատկապես գովերգվող դարձավ արդեն այս իշխանության օրոք, ու ինչը մեծ հաշվով պիտի իր տրամաբանական ավարտն ունենար:
Նժդեհականությունը ֆաշիզմ դիտարկող «գերսկզբունքային» Ժաննա Անդրեասյանը, ի դեպ, այդ ժամանակ, այդ նույն նախարարությունում բաժնի կամ վարչության պետ է աշխատել: Համեմատության համար նշենք, որ այսօր տասնյակ որակյալ մասնագետներ ամոթալի են համարում այս իշխանության օրոք պետական համակարգում աշխատելը, որ նրանց հետ միասին պատասխանատվություն չկրեն, բայց Ժաննա Անդրեասյանը, օրինակ, ժամանակին գաղափարական անհամաձայնություն ունենալով տարվող քաղաքական գծի հետ, մնացել ու աշխատել է, կատարել հրահանգներ ու զբաղվել իր աշխատանքային պարտականություններով… Եվ, ի դեպ, ասում են՝ բոլորովին վատ չի զբաղվել:
Այս ողջ աղմուկի ու թիրախավորված ուսուցչին սատարող համատարած գովերգման ֆլեշմոբի մեջ, սակայն, կորավ բովանդակությունը:
Ի վերջո, էդ աշակերտներն ինչի՞ց էին բողոքում, ինչո՞ւ էին դուրս եկել ուսուցչի դեմ: Դա հո մի օրվա բան չէ՞ր, եկել-կուտակվել ու պոռթկացել էր: Թեման ի՞նչն էր:
Դասադուլ իրականացնողների պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը 6 ամիս է, ինչ դասավանդում է դպրոցում, և նա ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը, քարոզում է սիրել թուրքերին:
Աշակերտները մեղադրում էին ուսուցչին, որ վերջինս ասել է․ «Հային ճանաչելով՝ թուրքին սիրում եմ», «Արցախցիները թուրք են», «Ցեղասպանություն չի եղել»։ Խաբո՞ւմ էին, ինչո՞ւ…
Ռոզա Դավթյանն էլ պնդում է, որ դպրոցի ամբողջ անձնակազմը, աշակերտներն ու ծնողները դուրս են եկել իր դեմ և կազմակերպված կերպով ցանկանում են ազատվել իրենից:
Այդպես չի լինում. չեն կարող բոլորը վատը լինել, և միայն մեկը՝ լավը, հատկապես, երբ Ռոզա Դավթյանն անհեթեթ պատճառաբանություն էր բերում, թե՝ ես այս համայնքից չեմ, դրա համար դուրս են եկել իմ դեմ: Լո՞ւրջ… Ծիծաղելի է:
Ինչպես երեկ ասել էր Մերձավանի դպրոցի տնօրենի ժ/պ-ն, որին երեկ ԿԳՄՍՆ-ն կարծես թե ազատել էր աշխատանքից, բայց այսօր վերջինս դեռ ոնց որ թե տնօրեն էր, Ռոզա Դավթյանը հաճախ է աշխատանքի վայր փոխում:
Այս ի՞նչ բացառիկ ուսուցիչ է, որ ուր գնում է, չի հարմարվում:
Կրկնում ենք, այն, ինչ տեղի ունեցավ Մերձավանի դպրոցում, խայտառակություն էր. հարցերն այդպես չեն լուծվում, բայց ինչո՞ւ չքննարկվեց խնդրո առարկան, ի՞նչն էր հունից հանել աշակերտներին, միգուցե իրո՞ք աշակերտներն ազգային արժանապատվության խնդիր են ունեցել: Ո՞վ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ էին աշակերտները վիրավորվել, ինչո՞ւ չէին ընդունում պատմության ուսուցչի դասավանդման առարկայի բովանդակային կողմը: Միգուցե երեխաները ճի՞շտ էին, ու իսկապես ուսուցիչը դասաժամերին թրքասիրության քարոզ է տարել: Այս հարցերի պատասխանները չտրվեցին:
Մի հետաքրքրիր զուգադիպությամբ ողջ այդ պատմության մեջ ՔՊ-ականներին ու նրանց քարոզիչներին հետաքրքրել էր միայն լրագրողի հարցը ուսուցչին՝ «Դուք թրքասե՞ր եք»: Ոչ ոք չֆիքսվեց սրա վրա, չմտածեց՝ էդ ՔՊ-ականներն ինչո՞ւ էին այդքան զգայուն հատկապես այդ հարցի հետ կապված:
Ինչ ցանել եք, այն հնձում եք, ու պետք չէ գերդոզավորել հետևանքը՝ անտեսելով պատճառը:
Ի դեպ, Արմավիրի մարզպետի աշխատակազմից տեղեկացանք, որ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին։
Մարզպետը շրջել է դպրոցում, այցելել մի շարք դասասենյակներ, զրուցել դպրոցի ղեկավար կազմի, մանկավարժների և աշակերտների հետ, տեղում գնահատել նաև շենքային պայմանները։
Մանկավարժական անձնակազմի և դպրոցի տնօրինության հետ զրույցի ընթացքում քննարկել են վերջին օրերին հասարակական լայն արձագանք ստացած միջադեպը։ Մարզի ղեկավարը լսել է կողմերի պարզաբանումները, զրուցել պատմության ուսուցչուհու հետ, անդրադարձել բարձրացված հարցերին։
Մարզպետը կարևորել է դպրոցում առողջ մթնոլորտի պահպանումը և հորդորել բոլոր կողմերին դրսևորել զսպվածություն, հանդուրժողականություն ու կառուցողական մոտեցում՝ ուսումնական գործընթացը չխաթարելու և նմանատիպ իրավիճակները բացառելու նպատակով։