Բաժիններ՝

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Չինաստանի նկատմամբ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի Չինաստանի մի շարք ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ՝ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին աջակցելու համար։

Այս մասին հայտարարություններ են տարածել ինչպես ԱՄՆ պետքարտուղարությունը, այնպես էլ Ֆինանսների նախարարությունը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ պատժամիջոցների ցանկում են հայտնվել իրանական և չինական 6 ֆիզիկական անձ և 12 կազմակերպություն։

«Պատժամիջոցների ցուցակին ավելացված անձինք աջակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տարբեր կապալառուների, որոնք օգնում են Իրանին արտադրել ածխածնային մանրաթել, որն անհրաժեշտ է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արտադրելու համար», – ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:

Իր հերթին, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտնել է, որ Իրանի կողմից առաջադեմ բալիստիկ հրթիռների արտադրությունն «անընդունելի սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների և տարածաշրջանային կայունության համար»։

«Միացյալ Նահանգները չի կարող Իրանին թույլ տալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակել», – ասել է Բեսենթը, որի խոսքը մեջբերվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ նշված է, որ այս միջոցները մասն են կազմում նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության նախագահական հուշագրի, որով առավելագույն ճնշում է գործադրվում՝ սահմանափակելու Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը և զրկելու ԻՀՊԿ-ին և նրա «ահաբեկիչ պրոքսիներին ապակայունացնող գործողությունները պահպանելու համար անհրաժեշտ ռեսուրսներից»։ 

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում այն ժամանակ, երբ բանակցություններ են ընթանում Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ-Իրան բանակցությունների 4-րդ փուլը տեղի է ունեցել մայիսի 11-ին Օմանում։

Կողմերը պատրաստվում են քննարկումների հաջորդ փուլին։Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին և երրորդ փուլերը կայացել էին Օմանում (ապրիլի 12-ին և 26-ին), իսկ երկրորդ փուլը՝ ապրիլի 19-ին, Հռոմում: Բանակցություններին իրանական կողմից մասնակցում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյանից՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս