
ԱՄՆ պետքարտուղարը կմասնակցի Ստամբուլում ռուս-ուկրաինական հնարավոր բանակցություններին

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք հնարավոր ռուս-ուկրաինական բանակցություններին կմասնակցեն նաև ԱՄՆ պետպաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ հանդիպմանը մասնակցելու նպատակով Ստամբուլ են մեկնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիթքոֆն ու Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Քեյթ Քելլոգը:
Ընդգծվում նաև, որ դեռևս հայտնի չէ Թրամփը կլինի պատվիրակության անդամների թվում, թե ոչ:
Այս համատեքստում Քելլոգը նշում է, որ ԱՄՆ նախագահի՝ անձամբ Ստամբուլ մեկնումը կախված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այնտեղ լինել չլինելուց:
«Մենք հույս ունենք, որ Պուտինը կգա Ստամբուլ: Այդ ժամանակ Թրամփն էլ այնտեղ կլինի: Նրա հետ շատ լավ հանդիպում կարող է ստացվել»,-հավելել է նա:
Զուգահեռ տարածվում են նաև անձամբ Դոնադ Թրամփի հայտարարություննները, որի համաձայն՝ Ստամբուլ է գործուղվելու նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Հիշեցնենք, որ Զելենսկին ավելի վաղ, ի պատասխան Պուտինի՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները վերսկսելու առաջարկի, հայտարարել էր, որ մայիսի 15-ին լինելու է Ստամբուլում և ակնկալելու է հանդիպել Պուտինի հետ:
Երբ արդեն Էրդողանը հանդիպումը կազմակերպելու համար ՌԴ նախագահին հայտնեց իր պատրաստակամությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չբացառեց իր մեկնումը Ստամբուլ:
«Եթե կարծեմ, որ Թուրքիայի հանդիպումն արդյունավետ է լինելու, հնարավոր է մեկնեմ այնտեղ (Ստամբուլ)»: