Բաժիններ՝

Հունգարիան դեմ է ՌԴ-ից էներգակիրների մատակարարումն արգելելու Եվրահանձնաժողովի ծրագրին. Օրբան

Հունգարիան կողմ է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հնարավորինս շուտ վերացմանը և չի աջակցում Ռուսաստանից էներգակիրների մատակարարումն արգելելու Եվրահանձնաժողովի ծրագրին:

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում Եվրամիության երկրների խորհրդարանների խոսնակների համաժողովի մասնակիցների առջև։Նա ընդգծել է, որ դեմ է Բրյուսելի նախաձեռնությանը, որը կհանգեցնի նավթի, գազի ու էլեկտրաէներգիայի գների բարձրացման և «պարզապես կսպանի Հունգարիայի տնտեսությունը»։

«Պատկերացրեք, որ տնային տնտեսությունների և ընկերությունների համար էներգակիրների գներն արդյունքում կկրկնապատկվեն։ Հունգարական ընտանիքները դրան չեն դիմանա», – ասել է վարչապետը:

Օրբանը նշել է, որ հենց դա է պատճառը, որ Հունգարիան հանդես է գալիս Ուկրաինայի հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին։ Նրա խոսքով՝ «հունգարացիները խաղաղություն են ուզում և կցանկանային հնարավորինս արագ ազատվել Բրյուսելի տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունից»։

Ավելի վաղ Հունգարիայի կառավարությունը հայտարարել էր, որ առաջիկա տարիներին Ռուսաստանից էներգակիրների ներկրումը դադարեցնելու Եվրահանձնաժողովի ծրագիրը կհանգեցնի երկրում տարեկան մինչև 2 միլիարդ եվրոյի լրացուցիչ ծախսերի։

Հունգարիայում անցկացվող ԵՄ երկրների խորհրդարանների խոսնակների համաժողովում Օրբանը նաև հայտարարել է, որ եթե Ուկրաինան ժամանակից շուտ մտնի Եվրամիության կազմ, ապա միության բոլոր անդամ երկրները կներքաշվեն Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս