
ԱՄՆ-ն և Չինաստանն արդյունավետ են անվանել Շվեյցարիայում կայացած բանակցությունները

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտնել է հանգստյան օրերին Ժնևում կայացած ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցություններում առաջընթացի մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։
«Ես ուրախ եմ հայտնել, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը զգալի առաջընթաց են գրանցել շատ կարևոր առևտրային բանակցություններում», – Բեսենթի խոսքերն է մեջբերում Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
ԱՄՆ ֆինանսների նախարարը հավելել է, որ «բանակցություններն արդյունավետ են անցել»:
Ըստ Սպիտակ տան՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրն իր հերթին նշել է, որ Շվեյցարիայում «երկու շատ կառուցողական օրեր» են եղել։ Նա շեշտել է, որ համաձայնության հնարավոր է եղել հասնել շատ արագ, ինչը վկայում է այն մասին, որ «տարաձայնությունները, գուցե, այնքան մեծ չէին, որքան կարծում էինք»։
Իր հերթին Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը «կարևոր կոնսենսուսի են եկել»։
Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ փոխվարչապետը բանակցություններն անվանել է «անկեղծ, բովանդակալից և արդյունավետ»:
Չինաստանի փոխվարչապետի խոսքով՝ Պեկինը և Վաշինգտոնը «կարևոր քայլ են կատարել հավասար երկխոսության միջոցով տարաձայնությունները լուծելու ուղղությամբ»։
Մայիսի 10-11-ին Շվեյցարիայում առևտրային բանակցությունների շրջանակում կայացել է ամերիկյան և չինական կողմերի երկու հանդիպում։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական էր գնահատել բանակցությունների առաջին փուլի արդյունքները։ Նրա խոսքով՝ «մեծ առաջընթաց» է գրանցվել, և կողմերը «բարեկամական, բայց կառուցողական ձևով» պայմանավորվել են վերականգնել հարաբերությունները։
Սա երկու կողմերի միջև առաջին պաշտոնական դեմ առ դեմ հանդիպումն էր այն բանից հետո, երբ Թրամփը Չինաստանի նկատմամբ 145% մաքսատուրքեր սահմանեց, իսկ Պեկինը պատասխանեց 125% մաքսատուրքերով։