
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հարկաբյուջետային և ծախսային շրջանակը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ տնտեսական զարգացումների, մակրոտնտեսական կանխատեսումների սցենարների, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների և ծախսային շրջանակի վերաբերյալ։Նախարարը ներկայացրել է մակրոտնտեսական միջավայրի հիմնարար ցուցանիշները, այդ թվում՝ տնտեսական աճի տեմպերը, զբաղվածության մակարդակը, գնաճի կանխատեսումները, ինչպես նաև արտաքին և ներքին գործոնների ազդեցության գնահատման արդյունքները։
Հատուկ ուշադրություն է դարձվել հարկաբյուջետային կայունության ապահովմանն ուղղված միջոցառումներին, ծախսային առաջնահերթություններին և պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման քայլերին։
Քննարկվել են նաև սոցիալապես կարևոր ծրագրերի շարունակական ֆինանսավորման, ներդրումային ծրագրերի իրականացման և ֆինանսական կարգապահության ամրապնդման հետ կապված հարցեր։ Կարևորվել է ֆինանսական ռեսուրսների նպատակային ու հասցեական բաշխումը՝ տնտեսական և սոցիալական քաղաքականության համապարփակ իրականացումն ապահովելու համար։
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները և առաջարկությունները՝ միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը առավել արդյունավետ և նպատակային դարձնելու վերաբերյալ։
Ամփոփելով քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները ծրագրի կատարելագործման ուղղությամբ՝ առանձնահատուկ կարևորելով թիրախային ծրագրերի հստակեցումն ու դրանց համապատասխան քաղաքականության իրականացումը։
Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել պետական ֆինանսների կառավարման համակարգի շարունակական կատարելագործումը՝ բարձրացնելով դրա թափանցիկությունը, կանխատեսելիությունը և արդյունավետությունը։