
«Ձեզ կոռեկտ ու կարգին պահեք». Գևորգ Պապոյանը Նիկոլ Փաշինյանի երեկվա պահվածքն ադեկվատ է համարում, իսկ լրագրողին՝ շնորհքից զուրկ
Այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկն Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին շնորհավորեց Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ՝ հետաքրքրվելով՝ այդ առիթով ուրա՞խ է։
Ի պատասխան՝ Գևորգ Պապոյանն ասաց, որ ՀՀ կառավարության ու ՔՊ-ի կողմից առաջ քաշված «Իրական Հայաստանի» քաղաքակրթական մոդելը և գաղափարախոսությունը պատասխանում է բոլորին հարցերին։
«Ես ուրախ եմ և ուրախ կլինեմ նրանով, երբ Հայաստանը կնքի «խաղաղության պայմանագիր», Հայաստանում լինի վերջնական խաղաղություն, այլևս պատերազմներ չլինեն, մենք մեր հսկայական միջոցներն ուղղենք մեր երկրի, բնակչության սոցիալական, կրթական ու առողջապահական խնդիրների շարունակական բարելավմանը»,- նշեց Գևորգ Պապոյանը և հավելեց՝ կարևոր հայտարարություն պետք է անի, որը, ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիների համար ավելի կարևոր է, և այդ համատեքստում անդրադարձավ Արարատի մարզում տեղի ունեցած կարկուտի հասցրած հետևանքներին՝ ասելով, թե գնալու է այդ գյուղեր։
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կգնահատի Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու հայտարարություններն ԱԺ-ում, երբ ընդդիմադիր պատգամավորներին սպառնում էր լցնել ԱԱԾ պադվալ, Գևորգ Պապոյանը պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանը երբեք չի խախտել ինչ-որ մեկի անմեղության կանխավարկածը։
Լրագրողի հաջորդ հարցից՝ խոսքի ազատության համատեքստո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավորներին ասում է՝ «համբալ», ՔՊ նիստերի ժամանակ երբևէ իրեն կամ իր թիմակիցներին ասե՞լ է՝ «համբալ», Գևորգ Պապոյանը վրդովվեց, ասելով.
«Ձեզ կոչ եմ անում կոռեկտ պահեք, Ձեզ կարգին պահեք։ Դուք էթիկայի բոլոր կանոնները խախտում եք։ Ձեր հարցերին չեմ պատասխանում, դուք շնորհք չունեք, ոչ էլ կոռեկտ եք ձեզ պահում»։
Լրագրողի ճշտող հարցին՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի պահվածքը շնորհք ունենալու շրջանակներո՞ւմ էր, Գևորգ Պապոյանը պատասխանեց, թե Նիկոլ Փաշինյանն այս իրավիճակին շատ ադեկվատ էր, և դրա հետ կապված այլ մեկնաբանություններ չունի։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նրան հարց տվեց Նորքի թաղապետարանում տեղի ունեցածի, կոռուպցիայի վերաբերյալ, ասելով, թե՝ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեին, ապա ընդդիմությանը հիմա հանել էին կախաղան և առհասարակ Հայաստանից արտաքսել էին։
«Բա մամուլի հոդվածներում ձեր մասին ինչե՞ր են գրում, Ձեր մասին գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք, դուք ի՞նչ գործ ունեք այս դալիճում։ Մամուլի հրապարակումներով եթե առաջնորդվեմ, ապա սաղիդ տանելու եմ լցնեմ ԱԱԾ պադվալը»,- խոսքն ուղղելով ընդդիմադիր պատգամավորներին՝ ասել է Նիկոլ Փաշինյանն ու ընդդիմադիրներին անվանել «համբալ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում