
Բնակարանների սեփականատերերի շուրջ 90 տոկոսի համար աղբահանության վճարը կտատանվի 300-ից 1000 դրամի սահմաններում, իսկ անհատական բնակելի տների համար՝ միջինում 500-ից 1300 դրամ

Երևանի քաղաքապետարանն ապրիլի 22-ին կայացած նիստում ընդունեց նախագիծ, որով նախատեսում է աղբահանության վճարի արտոնություն սահմանել որոշակի խմբերի համար։
Նախագծի մասին մանրամասներ հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ բնակելի նպատակային նշանակության շենքերում և շինություններում աղբահանության վճարի դրույքաչափի մեթոդի սահմանումից հետո աղբահանության վճար վճարողների որոշակի շրջանակի համար առաջացած լրացուցիչ ֆինանսական բեռը մեղմելու նպատակով առաջարկվում է սահմանել աղբահանության վճարի արտոնություն որոշակի խմբերի անձանց, ինչպես նաև ամսական մինչև 10 կիլովատ էլեկտրաէներգիա սպառող և ավելի մեծ մակերեսով միջինացված ցուցանիշը գերազանցող բնակելի նպատակային նշանակության շենքերի, շինությունների սեփականատերերի համար։
«Առաջարկվում է Արցախյան պատերազմների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանքներ, կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ զոհված, գերեվարված կամ անհայտ կորած, անհայտ բացակայող, մահացած ճանաչված անձանց կամ նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող, կամ առաջին, կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին պատկանող բնակելի նպատակային նշանակության շինություններում աղբահանության վճարի նկատմամբ կիրառել արտոնություն տեղական դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ՝ տրամադրելով 100 տոկոս արտոնություն, ինչպես նաև պետական նպաստների մասին օրենսդրության իմաստով միայնակ, չաշխատող, կենսաթոշակառու համարվող անձանց պատկանող բնակելի նպատակային նշանակության շինություններում աղբահանության աշխատանքները կատարելուց դրույքաչափի նկատմամբ կիրառել արտոնություն տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ՝ տրամադրելով ևս 100 տոկոս արտոնություն»,-շեշտեց Հակոբյանը։
Անդրադառնալով մյուս կետին՝ նա ասաց՝ այն վերաբերում է ամսական մինչև տասը կիլովատ էլեկտրաէներգիա սպառող բնակելի նշանակության շինություններում աղբահանության դրույքաչափի նկատմամբ կիրառել արտոնություն տեղական վճարի զրոյական դրույքաչափի կիրառմամբ՝ տրամադրելով 100 տոկոս արտոնություն։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղբի առաջացումը պայմանավորված է տվյալ տարածքում բնակվող անձանց գործունեությամբ՝ արտոնության տրամադրման հիմքում դրվել են հետևյալ երկու ցուցանիշները. առաջին՝ Երևանում բնակարանների միջին մակերեսը, որը կազմում է շուրջ 70 քմ։
Դրանից ելնելով՝ 65 քմ-ն գերազանցող մասով տրամադրվում է արտոնություն, երկրորդը՝ այն իրողությունն է, որ բնակելի մակերեսի մեծացմանը զուգընթաց բնակվող անձանց թիվը չի ավելանում նույն համաչափությամբ, դրանից ելնելով՝ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի 65 քմ գերազանցող յուրաքանչյուր քմ մակերեսի համար նախատեսվում է սահմանել 50 տոկոսի դրույքաչափի արտոնություն, իսկ անհատական բնակելի տների համար, քանի որ նրանց միջին մակերեսն ավելի մեծ է, 75 քմ գերազանցող յուրաքանչյուր մակերեսի համար 75 տոկոս արտոնություն, ինչպես նաև առանձին կանգնած ավտոտնակների համար ևս 100 տոկոս արտոնություն»,- ասաց Դավիթ Հակոբյանն ու հավելեց՝ հաշվի առնելով, որ մինչև 90 քմ մակերես ունեցող բնակարանները կազմում են ընդհանուր բնակարանային ֆոնդի մոտ 90 տոկոսը՝ կարելի է եզրակացնել, որ բնակարանների սեփականատերերի շուրջ 90 տոկոսի համար աղբահանության վճարը կտատանվի 300-ից 1000 դրամի սահմաններում, իսկ անհատական բնակելի տների համար՝ միջինում 500-ից 1300 դրամ։
Նախագիծը ստացել է ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական դրական եզրակացություն, առարկություններ չեն ներկայացվել։
Հակոբյանը նշեց՝ նախագիծը պետք է տարածվի 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագող իրավական հարաբերությունների վրա, ուստի, եթե ինչ-որ մեկն ավելի գումար է վճարել, արտոնությունից նա էլ է օգտվում։ Ավելի վճարված գումարը գերավճարի տեսքով կմնա տվյալ մարդու հաշվին կամ կմարվի նրա հետագա պարտավորություններից կամ, եթե տվյալ անձը ցանկանում է, կարող է դիմում գրել և այդ գումարը հետ ստանալ։