
Թուրքիայի հետախուզության ղեկավարը բանակցել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ

Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը շաբաթ օրը հանդիպել է Թուրքիայում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդների հետ՝ քննարկելու, թե ինչպես մարդասիրական օգնություն հասցնել պատերազմից տուժած Գազայի հատված, որտեղ Իսրայելն անցած ամիս վերսկսեց իր ռազմական հարձակումը:
Ըստ Anadolu-ի, Քալընը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Մոհամադ Դարվիշի և նրա պատվիրակության հետ՝ հայտարարելով, որ իրենք նաև քննարկել են մշտական հրադադար ապահովելու նախաձեռնությունները և Գազայի բնակչությանը բռնի տեղահանելու Իսրայելի ծրագրերին հակազդելու ուղիները:
Քալընը հավաստիացրել է Թուրքիայի հաստատուն աջակցության մասին և ասել, որ Անկարան վճռականորեն կհակազդի Պաղեստինի տարածքը գրավելու կամ բռնակցելու ցանկացած նոր փորձի:
ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ ասվում է, որ իր ղեկավարներն ընդգծել են իրենց պատրաստակամությունը «անհապաղ հասնել գերիների փոխանակման համապարփակ համաձայնագրին՝ հրադադարի դիմաց», ինչպես նաև Իսրայելի զորքերի դուրսբերմանը Գազայից, վերականգնումը սկսելուն և իսրայելական շրջափակման վերացմանը:
Խումբը նաև ցանկություն է հայտնել տեսնելու «եգիպտական առաջարկի անհապաղ իրականացումը՝ Գազայի հատվածի կառավարման հատուկ կոմիտե ստեղծելու մասին՝ կազմված անկախ և իրավասու ազգային գործիչներից»։
ՀԱՄԱՍ-ը հինգշաբթի օրը հայտարարել է, որ մերժել է 45-օրյա հրադադարի մասին Իսրայելի վերջին առաջարկը՝ կոչ անելով համապարփակ գործարք կնքել 18-ամսյա պատերազմին վերջ տալու համար: