
ԵՄ մտադիր չէ վերացնել ռուսական ավիաընկերությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումները

Եվրամիությունը մտադիր չէ վերացնել ռուսական ավիաընկերությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումները և թույլ տալ նրանց մուտք եվրոպական օդային տարածք։ Այս մասին «Politico»-ին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ անանուն մնալու պայմանով։
Հայտարարությունը հետևել է Մոսկվայի՝ ԱՄՆ-ի հետ ավիահաղորդակցության վերականգնման շուրջ բանակցելու փորձերին՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը խաղաղ կարգավորելու համատեքստում։
Ինչպես պարզաբանել է Եվրահանձնաժողովի աղբյուրը, առանց եվրոպական երկրների ներգրավման ռուսական ավիաընկերությունները չեն կարողանա թռիչքներ իրականացնել դեպի ԱՄՆ։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ում նման համագործակցության նկատմամբ հետաքրքրվածություն չկա։
«ԵՄ տարածքում ռուսական ավիափոխադրողների թռիչքների արգելքը շարունակում է գործել։ Այդ արգելքը սահմանվել է ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման»,- նշել է պաշտոնյան։
Բացի այդ, ԵՄ-ում լուրջ մտահոգություններ ունեն ռուսական ինքնաթիռների տեխնիկական անվտանգության վերաբերյալ։