Պետություն ունենալու նման շանս երբեք, կրկնում եմ՝ երբեք չենք ունեցել. Փաշինյան

Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը նույնքան կարևոր է, որքան 2018 թվականին տեղի ունեցածը։ Այդ մասին ԱԺ–ում ՀՀ կառավարության 2024 թ. ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր այդ հեղափոխությունն ավարտվելու է ժողովրդական հաղթանակով: Սա իրական Հայաստանի սոցիալ–հոգեբանական հեղափոխությունն է։ Այս հեղափոխության առանցքային ասպեկտն այն է, որ մի քանի հարյուրամյակի ընթացքում առաջին անգամ հայկական պետությունն ու հայրենիքը նույնական են: Եվ սա արդեն Հայաստանի Հանրապետությունն է»,- հայտարարեց նա։

Նրա խոսքով՝ վերջին վեց դարերի ընթացքում հայերի համար հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը՝ Պարսկաստանը, Օսմանյան կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Խորհրդային Միությունը:

«Սովորաբար, պետությունը հայերի համար ատելի էր, իսկ հայրենիքը՝ սիրված ու բազմաչարչար: Հայերն ատում էին պետությունն ու նրա հետ կապված ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ սիրում էին հայրենիքը։ Այսօր` առավել քան երբևէ, հնարավորություն կա կառուցելու անկախ և ինքնիշխան պետություն և չսպասել` մինչև մյուսները որոշեն հայ ժողովրդի ճակատագիրը Բեռլինի և Սան Ստեֆանոյի կոնֆերանսներում: Պետք է հաղթահարել պետության հանդեպ ռելիկտային ատելությունը»,- ասաց ատելություն տարածող Փաշինյանը։

Բնականաբար, նա քննադատեց ընդդիմությանը՝ մեղադրելով այս իրողությունը չհասկանալու մեջ։

Բացի այդ, ըստ Փաշինյանի, ՀՀ կառավարության 2024 թ. ծրագրի կատարողականի քննարկումների ընթացքում ընդդիմադիրներն ամեն ինչ արեցին ՀՀ քաղաքացիների մեջ պետականակենտրոն բարեփոխումների նկատմամբ «նյարդ և վախ ներշնչելու» համար։

Ըստ նրա՝ քաղաքացին շատ երջանիկ է, որ գույքահարկն անգամներով թանկացնում են, մարդկանց ստիպում Կենտրոն վարչական շրջանում իրենց ժառանգություն ստացած կամ ձեռք բերած բնակարանները վաճառել և գնալ ծայրամասեր։ Ըստ Փաշինյանի՝ ընդդիմությունն է վախ ներշնշել հասարակության մեջ սեփական պետության նկատմամբ, ոչ թե իր ղեկավարած իշխանությունը, որի պաշտոնավարման տարիներին կորցրեցինք Արցախը, հազարավոր զոհեր ունեցանք և դեռ հայտնի չէ, թե Հայաստանի պարագայում ինչ փաստի առջև կկանգնեցնի։ Այն, որ քաղաքացին այլևս անվտանգ չի զգում իր հայրենիքում՝ Հայաստանում, պարզվում է՝ ընդդիմության մեղավորությունն է։

«Նյարդ ներշնչեցին անշարժ գույքի հարկի նկատմամբ, թեև առանց այդ հարկերի որևէ քաղաքացու բարեկեցություն հնարավոր չէ։ Վախ ներշնչեցին համընդհանուր հայտարարագրման նկատմամբ, չնայած այդ համակարգը կարիքավոր մարդուց ոչինչ չի վերցնում, այլ միայն տալիս է. տալիս է տասնյակ միլիարդավոր դրամներ` իր առողջապահության և կրթության գործում ներդնելու համար։ Վախ ներշնչեցին սեփական պետության նկատմամբ, սակայն մեր ժողովուրդը չի կարող վախենալ սեփական պետությունից և իրական պետության գաղափարախոսությունից, քանի որ այդ գաղափարախոսությունն ասում է` ՀՀ քաղաքացի՛, պետությունը դու ես»,- հայտարարեց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս