Բաժիններ՝

Ուկրաինայի բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Փարիզ՝ բանակցություններ վարելու եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաների հետ

Ուկրաինայի նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը ժամանել են Փարիզ՝ քննարկելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և հանդիպում անցկացնելու ամերիկացի պաշտոնյաների հետ:

Այս մասին հայտնում է Kyiv Independent-ը։

«Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ «կամեցողների կոալիցիայի» մեջ մտնող և անվտանգության երաշխիքներ տրամադրելու ունակ երկրների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության», – գրել է Երմակը X սոցիալական հարթակում։

Նա հավելել է, որ հանդիպումներ են նախատեսված նաև ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ, որոնք Ֆրանսիայում են։

Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ նշվել է, որ Ֆրանսիան հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆին, որոնք Ֆրանսիա են ժամանել «նախագահ Թրամփի՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին վերջ դնելու նպատակն առաջ տանելու համար»։

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորած «կամեցողների կոալիցիան», որում ներգրավված է մոտ 30 երկիր, ստեղծվել է մարտին՝ հրադադարի դեպքում Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու նպատակով:

Կոալիցիայի վեց անդամներ պատրաստակամություն են հայտնել իրենց զորքերը տեղակայել Ուկրաինայում՝ հրադադարը վերահսկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս