
Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է ռազմական դրության և զորահավաքի երկարաձգումը

Ուկրաինայի Գերագույն ռադան կրկին կողմ է քվեարկել Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի երկարաձգմանը. իրավական ռեժիմը կգործի ևս առնվազն 90 օր:
Այդ մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով «Գոլոս» կուսակցությունից ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակին։
Ապրիլի 15-ին համապատասխան օրինագծերը խորհրդարան էր ներկայացրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու օգտին քվեարկել է 357 ժողովրդական պատգամավոր։
Դեմ է քվեարկել միայն «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավոր Օլեքսեյ Գոնչարենկոն։
Սա Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի արդեն 15-րդ երկարաձգումն է։ Դրանք կգործեն 90 օր՝ 2025 թ. մայիսի 9-ից մինչև օգոստոսի 6-ը։
Համապատասխան փաստաթղթերը պետք է ստորագրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինայում ռազմական դրությունն առաջին անգամ մտցվել է Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների ծավալումից հետո՝ 2022 թ. փետրվարի 24-ի առավոտյան՝ 30 օրով։ Այնուհետև ժամկետները մշտապես երկարացվել են՝ սկզբում մեկ ամսով, իսկ 2022 թվականի մայիսից՝ երեք ամսով։