
Տանյա Ֆայոնը չհերքեց․ ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին 20 մլն եվրո հատկացնելու շուրջ տարաձայնություններ կան
Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց, որ իր երկիրն աջակցել է Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում ՀՀ-ին գումար հատկացնելու վերջնառաջարկին։
«Մենք սատարել ենք նախաձեռնությանը, որպեսզի ՀՀ ԶՈՒ-ին սատարենք, պետք է միաձայն մոտեցում լինի, բայց ինչ վերաբերում է Սլովենիային՝ շատ հստակ և ուժեղ աջակցություն ենք մենք ցուցաբերել»,- ասաց Տանյա Ֆայոնը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ կա ԵՄ անդամ երկիր, որն արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին գումար հատկացնելու առաջարկը։
Իր հերթին՝ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը պարզաբանեց, որ հիմնադրամից անցած տարվա աջակցությունը կազմում էր 10 մլն եվրո։
«Այս տարի կրկնապատիկ է այդ գումարը, քննարկումները շարունակվում են։ Հուսանք՝ ապագայում դրական հանգուցալուծում կլինի»,- ասաց նա։
Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Բուդապեշտն արգելափակում է այս գործիքով Հայաստանին տրամադրվելիք 20 մլն եվրո աջակցությունը։
Լրատվամիջոցը նշել էր ապրիլի 14-ին, որ Եվրամիության (ԵՄ) երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումից հետո անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին, և քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու առաջարկը, որը ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ներկայացրել էր ԵՄ խորհրդին անցած ամիս։
«Ադրբեջանի նախագահի հետ սերտ հարաբերություններով հայտնի Հունգարիան, սակայն, օգտվելով վետոյի իր իրավունքից, արդեն վեցերորդ շաբաթն է՝ արգելափակում է որոշումը»,- հայտնել էին «Ազատության» աղբյուրները՝ հիշեցնելով, որ Բուդապեշտը նույն կերպ էր վարվել նաև անցած տարի, երբ Եվրամիությունն առաջին անգամ սկսեց քննարկել Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո տրամադրելու հարցը։ Այն ժամանակ Բուդապեշտը պահանջել էր, որ ծրագրում նաև Ադրբեջանը ներառվի։
Շաբաթներ շարունակ դռնփակ բանակցություններից հետո, սակայն, եվրոպացի դիվանագետներին հաջողվել էր հաղթահարել Բուդապեշտի դիմակայությունը: