Ես ոչ մեկի դուռը չեմ գնում. կապրեմ այնպես, ինչպես ապրել են ընդդիմադիր քաղաքապետերը. Վարդան Ղուկասյան

Ես ոչ մեկի դուռը չեմ գնում ընդհանրապես, կապրեմ այնպես, ինչպես բոլոր ընդդիմադիր քաղաքապետերը, բայց համերաշխությունը, ներողամտությունն իմ զենքն են, ես դրանով միշտ առաջնորդվել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում․ արդեն որպես Գյումրու քաղաքապետ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վարդան Ղուկասյանը՝ ի պատասխան այն դիտարկմանը, որ նրա հաղթանակը «պյուռոսյան հաղթանակ» են կոչում, քանի որ ամեն հարց անցկացնելու համար «պետք է գնա Մարտուն Գրիգորյանի դուռը»։

«Ես խնդիր չունեմ, ասել եմ՝ իրենց ոխերիմ թշնամի չեմ ճանաչում, մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք իրենց ազգի հետ։ Դուք որ չխառնեք, ամեն ինչ լավ կլինի»,-ասաց նա։

Անդրադառնալով ՔՊ խմբակցությանը, որը բոյկոտել էր նիստը, Ղուկասյանը հույս հայտնեց, որ ՔՊ-ն էլ, ի վերջո, կմասնակցի նիստին, թեև «առանց նրանց էլ օրակարգը հաստատելու խնդիր չունեն, ինչպես համոզվեցին առաջին նիստին»։

«Ովքեր համարձակ են, իրենց քաղաքը սիրում են ամեն ինչից շատ և քաղաքական պատվերները երկրորդային են, քաղաքի շահն՝ առաջնային, կգան կմասնակցեն»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ առաջիկա աշխատանքին՝ նշեց. «Աթոռը կհարգեմ, բայց поведение-ն՝ ոնց կպահեն, ինչ ձևի կանեն՝ «каков привет, таков ответ»»։

Ղուկասյանը նշեց, որ Փաշինյանի քաղաքական հայացքներին 99,9 տոկոսով դեմ է, բայց սուբորդինացիան կպահի․«Էն մի տոկոսն էլ տեղ եմ թողնում, որ կարող է մարդը դարձի գա»։

Տեսանյութեր

Լրահոս