Բաժիններ՝

Բանգկոկում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 44-ի, 50 մարդ դեռևս անհետ կորած է

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի հյուսիսում գտնվող Չատուչակ թաղամասում Գլխավոր աուդիտի գրասենյակի 30-հարկանի շենքի՝ երկրաշարժից փլուզման հետևանքով, ընդհանուր առմամբ, տուժել է 103 մարդ, որոնց թվում հաստատված զոհերի թիվը կազմել է 44։ Ինը մարդ վիրավորվել, ևս 50-ը դեռևս անհետ կորած են։ Այս մասին հաղորդում է The Nation պարբերականը՝ վկայակոչելով Բանգկոկի մայրաքաղաքային վարչությունը: Որոնողափրկարարական աշխատանքների 18-րդ օրը՝ ապրիլի 15-ին, հայտնաբերվել է ևս մեկ դի։

Հայտնաբերվածներից 15-ի ինքնությունը պարզվել է․ նրանց շուտով կվերադարձեն իրենց ընտանիքներին՝ հուղարկավորելու։ Բանգկոկի մայրաքաղաքային վարչությունը զոհերից յուրաքանչյուրի համար կտրամադրի հուղարկավորության նպաստ։

Բանգկոկի փոխնահանգապետ Տավիդա Կամոլվեջը հայտարարել է, որ որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են, կառույցի բարձրությունը կրճատվել է մինչև 19 մետր։

Իսկ Մյանմայում, ապրիլի 6-ի տեղեկությունների համաձայն, երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3564-ի, վիրավորվել է 5012 մարդ, 210-ը անհետ կորած են։

Մյանմայում մարտի 28-ին 7,7 և 6,4 մագնիտուդով երկու հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումներն ավերել են հազարավոր շենքեր, ճեղքել ճանապարհներ և քանդել կամուրջներ։

Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս