
Երբ հայկական կողմից կրակոցներին չեն պատասխանում, մարդկանց մոտ անպաշտպանվածության զգացում է առաջանում, նախկինում ինտենսիվ պատասխան էր տրվում, և Ադրբեջանը երկար ժամանակ լռում էր. Հայկ Նահապետյան

Երեկ երեկոյան ադրբեջանական կողմից թիրախավորված կրակ են արձակել Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ՝ վնասելով մշակույթի տան կտուրը։
Միջադեպի վերաբերյալ ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ ադրբեջանական կողմից պահանջելով հրապարակային հանդես գալ պարզաբանմամբ, միաժամանակ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Անվտանգային և ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի կարծիքով՝ Ադրբեջանն այս փուլում դժվար թե գնա լայնածավալ պատերազմի, քանի որ որոշողը ոչ թե Ադրբեջանն է կամ Թուրքիան, այլ Մեծ Բրիտանիան, ինչն այլ փուլում չի անելու։
«Լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու որոշումը Բաքվում չի կայացվում, առավել ևս՝ Անկարայում, այն կայացնում են Լոնդոնում։ Ադրբեջանը կգնա գործողությունների, երբ որոշումը կայացվի, այնպես, ինչպես այդ գործողություններն արեց Սև լճի մոտ, Իշխանասարի հատվածում, Ներքին Հանդում և այլն։ Տեղային բնույթի ինչ-որ գործողություններ կրող են լինել, սակայն լայնածավալ ռազմական գործողություններն այս փուլում իրատեսական չէ»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Հայկ Նահապետյանը։
Ռազմական փորձագետը վստահ է՝ եթե Ադրբեջանը գնա լայնածավալ ռազմական գործողությունների, դա նշանակելու է, որ այս անգամ տարածաշրջանն ուղղակի պայթելու է։ Մանրամասնելով, Հայկ Նահապետյանը հիշեցրեց՝ 1995 թվականին Ռուսաստանը Հայաստանի հետ ունի կնքված պայմանագիր՝ փոխօգնության վերաբերյալ, որի պարագայում ՌԴ-ն կարող է միջամտել, ինչը նշանակում է՝ Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիան նույնպես կմիջամտի։ Ըստ նրա՝ նաև Իրանը չի կարող անմասն մնալ, քանի որ ռազմական գործողությունների մի մասը լինելու է ՀՀ հարավում։
«Ստացվելու է, որ մեր տարածաշրջանում 5 երկրներ մտնելու են ռազմական բախման մեջ։ Ադրբեջանը փորձում էր ինչ-որ քայլեր ձեռնարկել ու Մեղրիի տարածքում որոշակի տարածքներ վերցնել, որի վերաբերյալ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հոգևոր առաջնորդը պարբերաբար բարձրաձայնել է, որ իրենց համար «կարմիր գիծ» է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Վերջին զորավարժությունները, որոնք տեղի ունեցան, դրա ապացույցն էին։
Իրանն այսօր ուղիղ բանակցությունների մեջ է մտել Միացյալ Նահանգների հետ, որը կտրուկ նվազեցնում է տարածաշրջանում պատերազմի հավանականությունը»,- շեշտեց Հ. Նահապետյանը։
Ինչ վերաբերում է կրակոցների բուն նպատակին, ապա Հայկ Նահապետյանն ասաց, որ Ադրբեջանն այս փուլում հետապնդում է 2 հիմնական նպատակ։
«Նախ, հոգեբանական ազդեցություն է փորձում թողնել սահմանամերձ բնակավայրերի ու բնակիչների վրա։ Երբ հայկական կողմից այդ կրակոցներին չեն պատասխանում, իսկ թշնամին շարունակաբար կրակում է, թեկուզ անկանոն, մարդկանց մոտ անպաշտպանվածության զգացում է առաջանում։ Նախկինում, ադրբեջանական ցանկացած կրակոցի, հայկական կողմից ավելի խիստ ու ինտենսիվ պատասխան էր տրվում, ինչից հետո այդ ուղղությամբ Ադրբեջանը երկար ժամանակ լռում էր։
Հիմա ադրբեջանական կողմից կրակում են, բայց Փաշինյանը հրապարակավ հայտարարում է, թե այդ կրակոցներին չեն պատասխանելու, որի իրավունքը նա չունի։ Բացատրեմ՝ խաղաղ պայմաններում Սահմանադրությամբ Զինված ուժերի գերագույն հրամանատարը ԳՇ պետն է, այսինքն՝ ինքն առնվազն իր լիազորություններն է չարաշահել, ինչը քրեորեն պատժելի է»,- հավելեց նա։
Ըստ Հայկ Նահապետյանի, Ադրբեջանի երկրորդ նպատակն այն է, որպեսզի հնարավոր ռազմական գործողություններ սկսի, ունենա քարոզչական հիմք։ Հետո, որպես ագրեսոր երկիր՝ կփորձի ներկայացնել, թե «կանխարգելիչ հարված է հասցրել» հայկական կողմին։