
ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ ՄԻԿՈՅԱՆ ՓՈՂՈՑԸ. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒՆԵՆ ՍՆԱՆԿԱՑԱԾ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՑ
Երևանի Անաստաս Միկոյան փողոցի 64-րդ շենքի բնակիչները վաղ առավոտից փակել էին փողոցը, քանի որ պահանջներ ունեն սնանկ ճանաչված կառուցապատողից, սակայն մոտ 40 րոպե անց փողոցը կրկին բացեցին։
Բնակիչները բողոքում են, որ արդեն մի քանի տարի է` բնակարանի գնման իրավունք են ձեռք բերել, սակայն կառուցապատողը սնանկ է ճանաչվել, ու մինչ օրս նրանց բնակարանների հարցը չի լուծվել։ Այժմ մեծ խնդրի առաջ են կանգնած հատկապես այն բնակիչները, որոնք կանխիկ վճարել են հենց կառուցապատողին ու չեն կարողանում ապացուցել այդ փաստը։
«Ինձ զանգել էին, ասում, թե երեքշաբթի օրը պետք է գնամ փոխանցման ակտը ստորագրելու, խնդրեցի, որ ուղարկեն ինձ այն, որպեսզի ծանոթանամ։ Դե բոլորիս մոտ հիմա կա այդ թուղթը։ Տեսել եմ, որ հիմար պայմաններ են գրված ու իրենց ասել եմ, որպեսզի կառուցապատողին կամ սեփականատիրոջը փոխանցեն, որ ոչ միայն ես չեմ ստորագրելու, այլև ներկա բնակիչներից որևէ մեկը։ Նման պայմաններ չի կարելի մարդկանց թելադրել, ինձ ինչ մակետ ցույց են տվել գնման ժամանակ, դա էլ պետք է անեն։ Պետք է կառավարության կողմից էլ ճնշում լինի, որ իրանք իրենց հավաքեն»,- նշեց Թունյանը։
Մեկ այլ բնակիչ Հասմիկը կառուցապատողից պահանջում է, որպեսզի իրենց հետ կոնտակտի դուրս գան ու գոնե ասեն, որ վերահսկողության տակ է իրավիճակը։ Բնակիչներից Հայկն էլ պնդեց` կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի իրենց խնդիրներով, բայց բնակիչներից որևէ մեկն այդ խմբում ներառված չէ։
«Մեր խնդիրներն են քննարկվում, ուրեմն մենք էլ պետք է ներգրավված լինենք այդ աշխատանքներում, որ պահանջները հստակ ներկայացնենք։ Դա չի արվում, ուրեմն ծածկադմփոց անելու համար ստեղծված հանձնաժողով է»,– նշեց Հայկը։
Կառուցապատողից տուժածները փորձել են տարբեր օղակների միջոցով հարցին լուծում տալ` Երևանի քաղաքապետարան, դատախազություն, քննչական կոմիտե, կառավարություն, բայց իրենց հարցումների նույնիսկ ամենափոքր պատասխանները տրվել են մոտ 4-5 ամսվա ընթացքում։ Վստահեցնում են` այդ ընթացքում կառուցապատողը ճանաչվել է սնանկ, փորձել է անօրինական գործարքներ իրականացնել տարածքի հողատարածքներից մեկի հետ կապված և այլ բազմաթիվ խնդիրներ են առաջացել։
Պարզվում է, որ կառուցապատողն ի սկզբանե մի բան է ասել ու ներկայացրել գնորդներին, դրանից հետո մեկ այլ բան որոշել ու արել։ Մասնավորապես, տարածքում կա 4000 քմ հող, որտեղ կառուցապատողը որոշել է ապօրինի շենք կառուցել, բայց գնման իրավունքի պայմանագրերում այլ բան է գրված։ Բնակիչները պահանջում են, որ այդ շենք էլ չկառուցվի, որովհետև այդ տարածքն ուղղակի զավթվել է։
«Մինչև ավարտական ակտը ստանալն այդ հողը չէր առանձնացվել, որովհետև մինչ այդ անելու դեպքում չէր ձեռք բերի այդ ակտը` նախագծից շեղվելու պատճառաբանությամբ։
Հիմա մենք էլ հայտնվել ենք մի իրավիճակում, որ շահագործման թույլտվություն չենք ստանալու, որովհետև այդ հողամասը պետք է վերադարձվի իր նախկին տեսքին»,- ասաց Հայկը։
Բնակիչները բացեցին ճանապարհը՝ ընդգծելով, որ այսօր կսպասեն արձագանք Երևանի քաղաքապետարանից։ Պատշաճ պատասխան չստանալու դեպքում նրանք պատրաստվում են կրկին ճանապարհներ փակել ու բողոքի ակցիաներ իրականացնել։ Վստահեցնում են` այնքան ժամանակ, քանի դեռ իրենց խնդիրը չի լուծվել։