
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ կառաջարկի կնքել ժամանակավոր միջուկային համաձայնագիր. Axios

Իրանը ցանկանում է Օմանում ԱՄՆ-ի հետ ապրիլի 12-ին կայանալիք բանակցությունների ժամանակ առաջարկել Վաշինգտոնին աշխատել ժամանակավոր միջուկային համաձայնագրի կնքման ուղղությամբ՝ նախքան համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետի և հարցին ծանոթ մեկ այլ աղբյուրի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկամսյա ժամկետ էր տվել Իրանին միջուկային նոր համաձայնագրի հասնելու շուրջ բանակցությունների համար և սպառնացել հակառակ դեպքում ռազմական ուժ կիրառել։
Ըստ Axios-ի աղբյուրների՝ իրանցիները համարում են, որ երկու ամսում նման բարդ համաձայնագրի կնքումն անիրատեսական է, և ցանկանում են ավելի շատ ժամանակ շահել՝ էսկալացումից խուսափելու համար:
ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրն, ըստ աղբյուրների, կարող է ներառել Թեհրանի կողմից ուրանի հարստացման որոշ աշխատանքների դադարեցում, 60% հարստացված ուրանի նոսրացում և դեպի երկրի միջուկային օբյեկտներ ՄԱԿ-ի տեսուչներին ավելի մեծ հասանելիության տրամադրում:
Բացի այդ, միջանկյալ համաձայնագիրը կարող է ներառել «snapback» մեխանիզմի երկարաձգում, որը 2015 թվականի միջուկային համաձայնագրի մաս էր կազմում: Այդ մեխանիզմը նախատեսում է համաձայնագիրը խախտելու դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների կիրառում։ Դրա ժամկետը լրանում է հոկտեմբերին:
Axios-ի աղբյուրները ենթադրում են, որ միջանկյալ համաձայնագիրը, հավանաբար, կներառի նաև Իրանի կողմից պահանջ, որ Թրամփը դադարեցնի իրանական տնտեսության վրա իր «առավելագույն ճնշման» արշավը:
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին հայտարարել էր, որ Իրանը կդադարեցնի համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ և երկրից կվտարի գործակալության բոլոր տեսուչներին, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակեն ռազմական ուժով սպառնալ Թեհրանին։
Օմանում ապրիլի 12-ին Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում Իրանի պատվիրակությունը կգլխավորի երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան թիմը՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Իրանական կողմը հայտարարել է, որ բանակցությունները կանցկացվեն անուղղակի, մինչդեռ Վաշինգտոնում պնդում են, որ դրանք կլինեն ուղիղ բանակցություններ։