
Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբում տանիքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 184-ի

Դոմինիկյան Հանրապետությունում Jet Set գիշերային ակումբում տանիքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 184-ի, իսկ վիրավորներինը գերազանցել է 200-ը: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Հանրապետության արտակարգ գործողությունների կենտրոնի ղեկավար Խուան Մանուել Մենդեսը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ դեպքի վայրում գտնվող փրկարարները դեռ փնտրում են զոհերի և հնարավոր ողջ մնացածների, թեև ապրիլի 8-ի կեսօրից ի վեր ոչ ոք ողջ չի գտնվել:
«Մենք չենք պատրաստվում որևէ մեկին լքել, մեր աշխատանքը շարունակվելու է», – ասել է նա։
Ապրիլի 8-ի գիշերը Սանտո Դոմինգոյի լեգենդար Jet Set ակումբը լեփ-լեցուն էր երաժիշտներով, պրոֆեսիոնալ մարզիկներով և պետական պաշտոնյաներով, երբ փոշին սկսել է թափվել առաստաղից, իսկ րոպեներ անց փլուզվել է ամբողջ տանիքը։ Աղետը տեղի է ունեցել հայտնի մեներգիչ Ռուբի Պերեսի ելույթի ժամանակ։
Մենդեսի խոսքով՝ փրկարարները ապրիլի 9-ին դուրս են բերել Պերեսի մարմինը։Փրկարարական խմբեր են ժամանել Պուերտո Ռիկոյից և Իսրայելից՝ որոնողական աշխատանքներին օժանդակելու համար:Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը երեք օրով համազգային սուգ է հայտարարել։
Զոհերի թվում են նաև Մոնտեքրիստի նահանգի նահանգապետ Նելսի Կրուզը և երկու հայտնի բեյսբոլիստներ:Դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել հայտնի գիշերային ակումբի տանիքի փլուզման պատճառը: Սեփականատերերի հայտարարության մեջ նշվել է, որ իրենք «լիովին և թափանցիկ համագործակցում են համապատասխան մարմինների հետ՝ տուժածներին օգնելու և տեղի ունեցածը պարզելու համար»:
Տեղեկություններ կան, որ տանիքի փլուզման պահին ակումբի ներսում եղել է ավելի քան 300 մարդ։