
«Արարատ-Արմենիա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթը:
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած սուպերգավաթային խաղում միմյանց դեմ մրցեցին «Փյունիկ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն:
Հանդիպման մեկնարկից ընդամենը 15 րոպե անց` «Արարատ-Արմենիա»-ն արդեն երկու անգամ գրավել էր «Փյունիկ»-ի դարպասը: «Արարատ-Արմենիա»-ի կազմում աչքի էին ընկել Նուբիսին ու Յեննեն: Խաղակեսի վերջնամասում «Փյունիկ»-ից ինքնագոլի հեղինակ էր դարձել Բրատկոն:
Երկրորդ կեսում «Փյունիկ»-ին չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը: Ընդհակառակը` «Արարատ-Արմենիա»-ն խփեց նաև 4-րդ գոլը: Աչքի ընկավ նույն Նուբիսին` դառնալով դուբլի հեղինակ:
«Փյունիկ»- «Արարատ-Արմենիա»`0:4:
«Արարատ-Արմենիա»-ն երկրորդ անգամ է դառնում Հայաստանի Սուպերգավաթակիր: