
Պենտագոնը դիտարկում է Արևելյան Եվրոպայից մինչև 10 000 զինվոր դուրս բերելու հնարավորությունը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունում քննարկում են Արևելյան Եվրոպայից՝ Ռումինիայից և Լեհաստանից, մինչև 10 000 զինծառայողի հետ կանչելու տարբերակը: Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի վեց պաշտոնյայի։
«Ստորաբաժանումները, որոնց մասին խոսք է գնում, մասն են կազմում այն 20 000-անոց անձնակազմի, որոնք (ԱՄՆ նախագահ) Բայդենի վարչակազմը 2022 թվականին տեղակայել է Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայի սահմանակից երկրների պաշտպանությունն ուժեղացնելու համար: (Խմբ.՝ դուրս բերվող զինվորների) թիվը դեռ քննարկվում է, սակայն առաջարկությունը կարող է ենթադրել Բայդենի կողմից ուղարկված զորքերի մինչև կեսի դուրսբերում», – նշվում է հրապարակման մեջ։
Ռումինիայում և Լեհաստանում տեղակայված ամերիկյան զորքերի թիվը կրճատելու շուրջ ներքին քննարկումներն ընթանում են այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հետ բանակցությունների միջոցով հասնել հրադադարի։
Ըստ եվրոպացի աղբյուրների՝ եթե Պենտագոնը հավանություն տա այս առաջարկին, ապա Եվրոպայում կմեծանան մտավախություններն առ այն, որ ԱՄՆ-ն հրաժարվում է Եվրոպայում իր վաղեմի դաշնակիցներից, որոնք Ռուսաստանը համարում են սպառնալիք։
Պենտագոնը և ԱՄՆ-ի բանակը չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։
«Նախագահը մշտապես վերանայում է տեղակայումները և առաջնահերթությունները, որպեսզի համոզվի, որ Ամերիկան առաջին տեղում է մնում», – NBC News-ին ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը։