
Վիլենի հայտարարության առանցքում հստակ երևում է իշխանական մոտեցման երեք առանցքային շերտերը. Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Օրերս Նիկոլի սիրելի, հանրության շրջանում առավել հայտնի էպոտաժային կերպար Գաբրիելյան Վիլենը մի հայտարարությունը է արել, որով պատրաստակամություն է հայտնել «լծվելու «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության աշխատանքների կազմակերպմանը»: Ըստ էության՝ Վիլենը խոսում է ճանապարհի տնտեսական ազդեցությունների մասին և փաստացի արտահայտում է այն խոսույթային շրջադարձը, որ որդեգրել է Հայաստանի իշխանությունը՝ Արցախի հետպատերազմյան փուլում։
Վիլենի հայտարարության առանցքում հստակ երևում է իշխանական մոտեցման երեք առանցքային շերտերը՝ Արցախի հարցի քաղաքականություն դարձնելու լիակատար մերժում, տարածաշրջանային կապերի տնտեսական հիմնավորումը որպես առաջնահերթություն, և, վերջին, ազգային շահերի սահմանափակում «խաղաղ զարգացման» հռետորաբանությամբ։
Պետք է փաստենք, որ նման հռետորաբանությունը հենց այպես չի գործում, այլ հենվում է այն հանգամանքի վրա, որ արցախցու վերադարձի իրավունքը դուրս է բերվել Հայաստանի պետական պատասխանատվության տիրույթից։ Եվ հենց այդ է պատճառը, որ պետական օրակարգում այժմ կարող է առանց խոչընդոտի խոսվել Ադրբեջանի տարածքային անքակտելիության ճանաչման պայմաններում ենթակառուցվածքների զարգացման մասին, մինչդեռ 120,000 մարդու բռնի տեղահանումը նույնիսկ չի հիշատակվում։
Նման մոտեցման վտանգն այն է, որ այն ձևավորում է նոր պետական ինքնություն՝ անվտանգության, հիշողության և իրավունքների վրա հիմնված մտածողությունից դեպի կառուցվածքային-տնտեսական մի տրամաբանություն, որտեղ նույնիսկ հայրենի հողը կարող է արժևորվել միայն այնքանով, որքանով նա ծառայում է կապի, փոխադրումների կամ առևտրի նպատակների։ Եթե այս տրամաբանությունը չկասեցվի, ապա պետական ինքնության կորուստը կարող է դառնալ անշրջելի։
Ուստի՝ Վիլենի այս հայտարարությունը պետք է դիտարկել ոչ թե որպես մեկ պաշտոնյայի կողմից բերված օրակարգ, այլ որպես պետական ռազմավարության արտացոլում, որի էությունը հետևյալն է. վերադարձի իրավունքը գոյություն չունի, երբ այն խանգարում է քաղաքական շահարկելիությանն ու տնտեսական գործարքին»։