Բաժիններ՝

Պետդուման վավերացրել է Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության պայմանագիրը

Ռուսաստանի Պետդուման լիագումար նիստում վավերացրել է Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթուղթը մարտին Պետդումա է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պայմանագիրն ստորագրվել է հունվարին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Փաստաթղթում արձանագրված են  երկարաժամկետ հեռանկարում Մոսկվայի և Թեհրանի միջև համագործակցության հետագա զարգացման իրավական շրջանակները։

Պայմանագիրն ամրագրում է Ռուսաստանի և Իրանի կարգավիճակը՝ որպես ռազմավարական գործընկերներ, և ընդգրկում է բոլոր ոլորտները, ներառյալ պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը և տեխնոլոգիաները։ 

Ինչպես Պետդումայում ելույթի ժամանակ հայտարարել է  ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի կնքումը չի նախատեսում երկու երկրների միջև ռազմական դաշինքի ստեղծում:

Ինչպես ավելի վաղ նշել էր Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, պայմանագիրը կամրապնդի երկու երկրների հարաբերություններն ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ միջազգային բնույթի հարցերի շուրջ գործողությունների համակարգման առումով։ Նա նաև հիշեցրել է, որ փաստաթղթում առանձին ուշադրություն է հատկացվում միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930