«Եթե Սարիկը չլիներ, ապա ավելի ողբալի կլիներ իրենց վիճակը». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Գյումրեցին ընտրել է վատթարագույնի ու ավելի վատթարագույնի մեջ, որովհետեւ անձամբ իմանալով Սարիկ Մինասյանի բարձր հեղինակությունը Գյումրիում, այս իմաստով ասեմ, որ ՔՊ-ն լավ ընտրություն էր կատարել: Որովհետեւ, եթե Սարիկը չլիներ, ապա ավելի ողբալի կլիներ իրենց վիճակը, գուցե Փարաքարից ավելի ողբալի»:

Անդրադառնալով Գյումրիում չհանդարտվող կրքերին, նման տեսակետ է հայտնել Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը:

-Փարաքարը ես չէի առանձնացնի Գյումրու ընտրությունների կոնտեքստից, որովհետեւ, ըստ էության, երեք տարի պայքարեցին, իշխանազրկեցին, գողացան քվեները, երեք տարի պայքարեցին «Ապրելու երկիր» կուսակցության դեմ, բայց փարաքարցիները ծանրակշիռ քվեով ապահովեցին այդ կուսակցության թեկնածուի հաղթանակը:

Նույն կոնտեքստն է՝ այնտեղ էլ քվեարկել են ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի:

–Ընտրությունների այս արդյունքներն ինչպիսի՞ հնարավոր քաղաքական զարգացումներ կարող են ազդարարել համապետական մակարդակով։ Որոշ շրջանակներ արդեն խոսում են այն մասին, որ սա կարող է հիմք հանդիսանալ նոր քաղաքական գործընթացների մեկնարկի՝ ներառյալ իշխանափոխության համար

։–Քաղաքականությունից չհասկացող մարդիկ են նման բան ասում, որովհետեւ քաղաքականությունից հասկացող մարդն արդեն իսկ պետք է արձանագրեր, որ այդ գործընթացը սկսվել է: Ոնց կգնա, ոնց կկառավարվի, կփոշիացվի՞ այս մթոլորտը, թե՞ կկապիտալացվի՝ խնդիրը սա է: Իսկ իրականում այս երկու ՏԻՄ ընտրություններով արդեն իսկ սկսվել է Նիկոլ Փաշինյանին մերժելու գործընթացը, ու հաջող ավարտ ունի:

Սրա համար էին այդ շանտաժները, նախորդ օրերի հայտարարությունները: Տեսեք՝ ո՛ւր են հասել, գյումրեցիների գլխից մազ չպակասելու մասին մտահոգ են մարդիկ, որոնք ուղղակի հազարներով գլուխներ կերան»:

Տեսանյութեր

Լրահոս