
Դատապարտվածների ազատազրկման ցուցանիշը նվազել է, աճել է տուգանքի կիրառման դեպքերի թիվը. դատախազություն

2024 թվականին դատապարտվել է 9224 անձ, որոնցից միայն 905-ի նկատմամբ է կիրառվել ազատազրկում՝ կազմելով 9.8 տոկոս։ Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման մեջ։ Նախորդ տարվա՝ 2023-ի համեմատ, երբ 4419 դատապարտված անձից 653-ը դատապարտվել էր ազատազրկման (14.8%), ցուցանիշը նվազել է։ Ինչպես 2023-ին, 2024-ին ևս որևէ անձ չի դատապարտվել ցմահ ազատազրկման։ Կարճաժամկետ ազատազրկման է դատապարտվել 81 անձ (2023 թվականին՝ 34):
Տուգանք նշանակված դեպքերի թիվը կրկնապատկվել է․ 2024-ին տուգանքի է դատապարտվել 5659 անձ, ինչը կազմում է դատապարտվածների 61.4%-ը։ 2023 թվականին այդ ցուցանիշը եղել է 2683։
Բացի այդ, 1690 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ ըստ ՔՕ 84-րդ հոդվածի։ Այս ցուցանիշը 2023 թվականին կազմել էր 778։ Նրանցից 475-ը մեղադրվել է ոչ մեծ ծանրության, 612-ը՝ միջին ծանրության, 576-ը՝ ծանր, իսկ 27-ը՝ առանձնապես ծանր հանցագործությունների համար։
2024-ին ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով՝ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ է նշանակվել 11 անձի նկատմամբ։ Նախորդ տարիներին այս ցուցանիշը եղել է համապատասխանաբար 18 և 16։
Մեղադրողների կողմից 2024-ին դատարանների դատավճիռների դեմ ներկայացվել է 1258 վերաքննիչ բողոք։ Դրանցից 165-ը (10.8%) եղել է արդարացման, 115-ը (7.5%)՝ քրեական վարույթի կարճման, 761-ը (49.9%)՝ պատժի մեղմության, 19-ը՝ արարքի վերաորակման դեմ։ Մնացած բողոքները ներկայացվել են այլ հիմքերով։
Բերված վերաքննիչ բողոքներից 121-ը (7.9%) բավարարվել է, 36-ը (2.4%)՝ մասնակի, 848-ը (55.6%)՝ մերժվել։ 443 բողոք դեռ գտնվում են քննության փուլում։
Դատավարության մյուս մասնակիցների կողմից բերված վերաքննիչ բողոքների ընդհանուր թիվը կազմել է 625։ Դրանցից 494-ը կամ 79%-ը վերաբերել է պատժի խստությանը, 53-ը կամ 8.5%-ը բավարարվել է, 27-ը կամ 4.4%-ը՝ մասնակի։ 202 բողոք գտնվում է քննության փուլում։
2024-ին ՀՀ գլխավոր դատախազի և տեղակալների կողմից բերվել է 285 վճռաբեկ բողոք (2023-ին՝ 151), որոնցից 91-ն ընդունվել է վարույթ։ Դրանցից 36-ը բավարարվել է, 2-ը՝ մասնակի։ 52 բողոքի քննությունը շարունակվում է։