Բաժիններ՝

Հարավային Կորեայում որոշել են նախագահական ընտրությունների օրը

Հարավային Կորեայի կառավարությունը որոշել է նախագահական ընտրություններ անցկացնել հունիսի 3-ին՝ անցյալ շաբաթ Սահմանադրական դատարանի կողմից Յուն Սոկ Յոլի պաշտոնանկությունից հետո։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Ըստ աղբյուրի՝ նախագահի պաշտոնակատար Հան Դոկ Սուն նախագահական ընտրությունների օրը կհաստատի ապրիլի 8-ին նախարարների կաբինետի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում նաև ընտրությունների օրը պետք է հայտարարվի ոչ աշխատանքային։ 

Սահմանադրական դատարանի կողմից նախագահի պաշտոնանկությունից հետո ընտրություններ պետք է անցկացվեն 60 օրվա ընթացքում։ Յուն Սոկ Յոլն իմփիչմենթի էր ենթարկվել 2024 թ. դեկտեմբերի կեսերին՝ սահմանադրությունը և երկրի օրենքները խախտելու համար:

Դեկտեմբերի 3-ին նա երկրում ռազմական դրություն էր հայտարարել, զորքեր մտցրել Ազգային ժողով և պահանջել էր ձերբակալել քաղաքական գործիչների։ Ըստ դատարանի որոշման՝ երկրում ռազմական դրություն հայտարարելու իրավական նախադրյալներ չեն եղել։

Ըստ Կորեայի Հանրապետության սահմանադրության՝ նախագահը կարող է ռազմական դրություն հայտարարել պատերազմի ժամանակ կամ դրան համազոր արտակարգ իրավիճակի դեպքում։

Յուն Սոկ Յոլը ռազմական դրության հայտարարումն արդարացրել էր՝ մեղադրելով հիմնական ընդդիմադիր կուսակցությանն այն բանում, որ այն «կաթվածահար է անում» պետական գործերը՝ իր վարչակազմի պաշտոնյաներին պարբերաբար իմփիչմենթի ենթարկելու և պետական բյուջեն կրճատելու միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս