Վենսը Եվրոպայի գլխավոր սպառնալիքը համարում է ներքին խնդիրները, ոչ թե Ռուսաստանը կամ Չինաստանը
Եվրոպային չեն սպառնում Ռուսաստանը և Չինաստանը, գլխավոր սպառնալիքը նրա չլուծված ներքին խնդիրներն են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Պետք է հասկանալ, որ Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը Չինաստանը կամ Ռուսաստանը չեն, հիմնական սպառնալիքը գալիս է ներսից», – ասել է նա։
Նա ներքին խնդիրներին է դասել միգրացիոն քաղաքականությունը, որը «խարխլում է մայրցամաքի մշակութային հիմքը», անմրցունակ տնտեսական քաղաքականությունը և անվտանգության քաղաքականությունը:
«Այդ տղաները, ղեկավարները մի կողմից հայտարարում են, որ ժամանակակից աշխարհում գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն է, և միևնույն ժամանակ միլիարդավոր ու միլիարդավոր դոլարով ռուսական գազ են գնում, պաշտպանության վրա ծախսում ՀՆԱ-ի 1%-ը, իսկ մենք՝ մեր ՀՆԱ-ի 3%-4%-ը», – նշել է ԱՄՆ փոխնախագահը։
Որպես Եվրոպայում ժողովրդավարության բացակայության օրինակ՝ նա բերել է Փարիզի դատարանի վճիռը Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի նկատմամբ։
Վենսը հայտարարել է, որ Լը Պենն «առաջատարն է հասարակական կարծիքի հարցումներում» որպես Ֆրանսիայի հաջորդ նախագահ այն դեպքում, երբ նրան առաջադրված մեղադրանքները չափազանց աննշան են և հիմնականում վերաբերում են նրա աշխատակազմին, այլ ոչ թե նրան:
«Նրան ցանկանում են բանտ նստեցնել, որպեսզի հեռացնեն ընտրություններից: Սա ժողովրդավարություն չէ», – ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։



