
Չինաստանը խոշոր զորավարժություններ է սկսել Թայվան կղզու շուրջ

Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի Արևելյան թևի հրամանատարությունն ապրիլի 1-ին համատեղ զորավարժություններ է սկսել Թայվան կղզու շրջակայքում։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով հրամանատարության խոսնակ ավագ գնդապետ Շի Յիին։
Շի Յին հայտարարել է, որ բանակը, նավատորմը, օդային և հրթիռային ուժերը կատարում են տարբեր ուղղություններից Թայվան կղզուն մոտենալու վարժանքներ։
«Զորավարժությունները ծառայում են որպես խիստ նախազգուշացում և զսպող ուժ «Թայվանի անկախության» անջատողական ուժերի դեմ և օրինական ու անհրաժեշտ գործողություն են՝ պաշտպանելու Չինաստանի ինքնիշխանությունն ու ազգային միասնությունը», – ասել է խոսնակը։
Շիի խոսքով՝ այս զորավարժությունները հիմնականում կենտրոնացած են ծով-երկինք մարտական պատրաստության պարեկության, ծովային և ցամաքային թիրախների վրա գրոհի և առանցքային տարածքների ու ծովային ուղիների շրջափակման վրա՝ զորքերի համատեղ օպերատիվ կարողությունները ստուգելու համար: