Բաժիններ՝

10 մլն 200.000 դրամ եմ կորցրել. քաղաքացիները պատմում են` ինչպես են իրենցից գումար շորթել

Էջմիածնի բնակիչ Անի Ավշարյանը 2024 թ. ստացել էր օնլայն հարթակում վաճառք իրականացնելու աշխատանքի առաջարկ և գրանցման համար իրենից պահանջել էին միայն անուն–ազգանուն և հեռախոսահամար։

Կարճ ժամանակ անց նա տեղեկանում է, որ կոտրել են իր «Իդրամի» հաշիվը և իր անունով ձևակերպել 360 հազար դրամի «Ռոքեթ լայն» վարկ, որը չվճարելու արդյունքում մեկ տարում հասել է 440 հազար դրամի։

«Ոչ մի SMS չեմ ստացել, ոչ մի SMS չեմ հաստատել, սակայն իմ անունով ձևակերպվել է վարկ։ Այլ հեռախոսի IP-ով մուտք են գործել` կոտրելով իմ «Իդրամի» հաշիվը։ Դիմել եմ ոստիկանություն, խարդախություն կատարած անձը հայտնաբերվել է, խոստովանել իր մեղքը, ինձ տուժող են ճանաչել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ավշարյանը։
Մեկ տարի շարունակ շուրջ 100 ՀՀ քաղաքացի պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում` հայտարարելով, որ դարձել են կիբեռհանցագործության և զեղծարարության զոհ։
Նրանք վերջին անգամ բողոքի ակցիան անցկացրել էին ՀՀ կառավարության շենքի մոտ` նշելով, որ բանկերի բացթողումների, խոցելիության պատճառով իրենք չպետք է ֆինանսական վնասներ կրեն։

Այսօր նրանք հավաքվել էին «ID բանկի» մոտ, որտեղ նրանց ընդառաջ դուրս եկավ բանկի ներկայացուցիչը և նշեց, որ խոսքը չի կարող կիբեռհանցագործության մասին լինել, որովհետև այդ դեպքում զեղծարարը բանկից է գողանում քաղաքացու տվյալները։

Ըստ նրա` այս պարագայում քաղաքացիները սխալ հղումներով` ինչ–ինչ շահումներով գայթակղվելով, անհասկանալի տիրույթներում թողնում են իրենց անձնական տվյալները և դառնում զեղծարարության զոհ։

Բանկի ներկայացուցչի այս բացատրությունը չբավարարեց բողոքի ակցիայի մասնակիցներին, և նրանք հայտարարեցին, որ իրենց ակցիաները շարունակական են լինելու։

Քաղաքացիների մի մասը խաբեության զոհ են դարձել «Լիստ.ամ» կայքի պատճառով, որտեղ տան վարձակալության հայտարարություն են տեղադրել, առցանց հավելվածով կանխավճարի փոխանցման հղում են ստացել, լրացրել այնտեղ իրենց «Իդրամի» տվյալները, իսկ հաջորդ օրը պարզել, որ իրենց տվյալները գողացել են ու մեծ չափերի վարկեր ձևակերպել։

«Ես հավատելով, որ իսկապես կանխավճար են թողնում, ինձ ուղարկված հղման մեջ մուտքագրեցի հավելվածի տվյալները։ Ինձ թվաց` չստացվեց գործարքը, մինչդեռ օրեր անց «Իդրամի» իմ հավելվածն արգելափակվեց։ «Իդրամից» ինձ ասացին, որ իմ անունով «Ռոքեթ Լայն» վարկ է ձևակերպվել 500 հազար դրամի չափով։ Ես շոկի ենթարկված անմիջապես մոտենում եմ բանկ, դիմում եմ ներկայացնում, հաջորդ օրը դիմում եմ ոստիկանություն, քրեական վարույթ է նախաձեռնվում, ես ճանաչվում եմ տուժող։ Մինչ օրս ոչ մի քայլ արված չէ հանցագործներին հայտնաբերելու ու մեզ այդ վարկերից ազատելու ուղղությամբ»,- ասաց երևանաբնակ Ալլա Մկրտչյանը։

Մեկ այլ քաղաքացի` Սուսան Հովհաննիսյանը ևս «Լիստ.ամ» կայքի զոհերից է։ Նա նույնպես տան վարձակալության հայտարարություն է տվել և կանխավճարի փոխանցման հղման պատճառով դարձել խարդախության զոհ։

«Իմ հաշվին առկա է եղել 9 մլն 700.000 դրամ։ Օրեր անց պարզվում է, որ 400 հազար դրամի վարկ են ձևակերպել իմ անունով։ Արդյունքում, ես 10 մլն 200 հազար դրամ եմ կորցել եմ, այսինքն` շորթել են և իմ հաշվեհամարի գումարը, և հավելյալ` 400 հազար դրամի վարկ ձևակերպել»,- նշեց նա։

Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ` իմանալու, թե կիբեռ խարդախությունների վերաբերյալ ինչ բնույթի և քանի դիմում-բողոք է հասցեագրվել հաշտարարին 2023-2024թթ. ընթացքում։

Գրասենյակից պատասխանել են, որ 2023-2024թթ․ ընթացքում ստացել են շուրջ 180 պահանջ, որոնք կապված են կիբեռխարդախությունների հետ։ Զեղծարարությունների հետ կապված բողոքների մեծ մասն ուղղված է առևտրային բանկերին։

«Կիբեռխարդախությունների վերաբերյալ պահանջները հիմնականում վերաբերում են քարտային զեղծարարություններին։ Օրինակ՝ քաղաքացին տրամադրում է իր քարտի տվյալները (համարը, վավերականության ժամկետը, SMS-ով ստացված կոդը)՝ ապրանքի կամ ծառայության վճար ստանալու համար, սակայն արդյունքում դառնում է խարդախության զոհ։ Կամ` պարգևների, մրցանակների խոստումների ներքո քաղաքացին անցնում է կեղծ հղումով և լրացնում իր առցանց բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը»,– նշված է գրասենյակի պատասխան գրության մեջ։

Գրասենյակից զգուշանում են` խարդախները ներկայանում են որպես ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցներ, այդ իսկ պատճառով ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կոչ է անում քաղաքացիներին լինել ավելի զգոն և անձնական տվյալների հարցում առավել ուշադիր, չվստահել ամեն պատահած հղման կամ առաջարկի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս