Թրամփը գովաբանել է Էրդողանին Թուրքիայում աճող քաղաքական ճնշումների ֆոնին․ Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային գովաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ աջակցություն հայտնելով կառավարությանը, որը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո բախվում է զանգվածային հակակառավարական ցույցերի և շուկայի անկայունության աճի։ Այս մասին գրում է Bloomberg-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

«Լավ տեղ, լավ առաջնորդ»,- ասել է Թրամփը տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանի թեկնածուների հետ հանդիպման ժամանակ։

Թրամփի այս հայտարարությունը հնչում է Թուրքիայում աճող քաղաքական բռնաճնշումների ֆոնին, որը տասնյակ հազարավոր մարդկանց բերել է ամենօրյա ցույցերի խոշոր քաղաքներում: Էքրեմ Իմամօղլուն՝ Էրդողանի հիմնական քաղաքական մրցակիցը և առաջատար ընդդիմադիր գործիչը, կիրակի կալանավորվել է կոռուպցիայի մեղադրանքով, ինչը հարուցել է երկրում վերջին տասնամյակի ամենասարսափելի անկարգությունների ալիքը:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Թրամփի մեկնաբանություններն ամրապնդում են ներդրողների ակնկալիքները, որ Անկարան չի ենթարկվի լուրջ միջազգային քաղաքական ճնշման։

«Նախագահ Էրդողանը, հավանաբար, զգում է, որ լավ հարաբերություններ կունենա նախագահ Թրամփի հետ գալիք տարիներին, ինչպես ունեցել է Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում»,- Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Cato ինստիտուտի ավագ գիտաշխատող Մուստաֆա Աքյոլը։

Միևնույն ժամանակ, թուրք պաշտոնյաներն ակտիվացնում են ջանքերը՝ հանգստացնելու համաշխարհային ներդրողներին:

Ըստ Bloomberg-ի, ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքն ու Կենտրոնական բանկի ղեկավար Ֆաթիհ Քարահանը երեքշաբթի համաժողով են անցկացրել հազարավոր օտարերկրյա ներդրողների հետ։ Հանդիպմանը ծանոթ մարդիկ Bloomberg-ին ասել են, որ Շիմշեքը խոստացել է անել «այն ամենը, ինչ անհրաժեշտ է»՝ շուկաները կայունացնելու համար:

Factor.am

Տեսանյութեր

Լրահոս