«Կոռեկտ արտահայտվեք. եթե կա մեկը, որին դեղեր խմել է վերագրվում, դա Դուք եք». Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ, ցավոք, նրա կայացրած որոշումների հետևանքը կրում է ամբողջ հայ ժողովուրդը։ Այնուհետև նա Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց նրա խոսքերը, որ երկրում իշխանությունը ժողովուրդն է, իսկ նա ընդամենը տեղապահն է՝ ասելով.

«Դուք, որպես տեղապահ, չեք կարող ստորագրել մի պայմանագիր, որի մասին իրական իշխանությունը, այսինքն՝ ժողովուրդը, տեղյակ չէ։ Այսինքն՝ դուք որպես ո՞վ եք պատրաստվում ստորագրել այդ փաստաթուղթը, դուք նման լիազորություն չունեք։

Ցանկացած բանակցություն ենթադրում է փոխզիջումներ, այս հարցը մենք բազմիցս ենք հնչեցրել և երբեք չենք ստացել պատասխանը։ Վերջերս հարցազրույցում ասում էիք, թե այդ ի՞նչ է զիջել Հայաստանը, թող ասեն։ Հիմա ես մի քանիսը թվարկեմ, որ գոնե դուք մեկ զիջում ադրբեջանական կողմից ասեք։

Առաջինը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, դեկտեմբերի 17-ին ձեր իսկ հրամանով Վաղարշակ Հարությունյանի կողմից ստորագրվում է մի փաստաթուղթ, որն առ այսօր համարվում է պետական գաղտնիք, գաղտնիք՝ սեփական ժողովրդից, դրանով զորքերը 20 կմ հետ են քաշվել, որի արդյունքում խնդիր ենք ունեցել։  Հանձնվել է Գորիս-Կապան ճանապարհը, զիջվել է Կապան-Ճակատեն ճանապարհը, Տավուշում առանց կանոնակարգի հաստատման՝ զիջվել են տարածքներ, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության ներքո, Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի մաս, ի՞նչ է զիջել Ադրբեջանը»։

Կարդացեք նաև

Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Ասեցիք՝ նոյեմբերից հետո իմ հրամանով, ինչ-որ մի փաստաթղթով, որը չի հրապարակվել, չնայած հրապարակվել է ինտերնետում, զորքերը կանգնել են Հայաստանի ինքնիշխան սահմանի վրա: Ասեցիք, որ անվտանգային խնդիրներ ենք առաջացրել, լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնել։ Դա այն եզակի հատվածներից է, որ 2020 թվի նոյեմբերի 9-ից այս կողմ հրադադարի ռեժիմի խախտման մի հատ դեպք չի եղել:

Այդ որոշման արդյունքում այսօր Երևան-Կապան օդանավը թռչում է և վերադառնում է։ Այդ որոշումները, որ կայացվել են, կայացվել են ճիշտ, հիմնավոր և կայացվել են ապահովելու համար անվտանգությունը և ծառայել են իրենց նպատակին»,- շեշտեց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանը ժողովրդավար պետություն է, և ժողովուրդն իր կամքը ի ցույց դնելու, իր կամքը քաղաքական իրողություն դարձնելու հնարավորություն ունի.

«Այդ տեսական, օդից վերցրած, ինչ-որ պաթոսով… Ինձ թվում է՝ նիստից առաջ դոպինգ եք խմում, ի՞նչ եք անում, որ գաք այստեղ՝ այսպես ցնցվելով, պաթոսի այդ օվերդոզից, այսինքն ի՞նչ: Ձեզ թվում է, թե այդ պաթոսից ձեր ասածի մերկությունը թաքցնելո՞ւ եք: Եթե թվում է՝ սխալ է թվում»,- պատգամավորին վիրավորեց Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան՝ Աննա Գրիգորյանը հակադարձեց՝ ասելով.

«Ձեզ համար շատ նորություն կլինի՞, որ այս երկրում, եթե մի մարդ կա, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, ապա դա դուք եք, դուք կոռեկտ արտահայտվեք: Միակ բանը, որ կարողանում ենք խմել այստեղ՝ ջուրն է:

Հաջորդը, եթե ձեր իշխանության յոթերորդ տարում դուք նոր սկսել եք կրթվել, դա դեռ չի նշանակում, որ դուք կարող եք ինձ կամ մի ամբողջ ժողովրդի մեղադրել, որ դեմ է, որ դուք գնաք ստորագրեք մի փաստաթուղթ, որի մասին որևէ մեկը տեղյակ չէ։

Ես պետք է ձեզ հիշեցնե՞մ արդյոք, որ այդ նույն հատվածը, որ ասում եք՝ շատ անվտանգ է, իրականում անվտանգ չի եղել, Ներքին Հանդում առաջխաղացում է եղել, կրակոցներ են եղել, նոր տարածքների գրավում է եղել: Ես հիշեցնե՞մ այն ողբերգական ու ամոթալի տեսարանները, երբ ադրբեջանցիները գալիս էին, ու իրենց ընդամենը հովիվն էր դիմավորում, կամ ձեռնամարտի էին բռնվում մեր զինվորների հետ, այդ ամեն ինչը մոռացե՞լ եք:

Փաստացի չկարողացաք գոնե մի կետ ասել, որ Ադրբեջանը զիջում է, ու ամբողջ ողբերգությունը նա է, որ դուք ընդհանրապես խաղաղության մասին չեք մտածում, բացառապես թղթի մասին եք մտածում, որի վրա միգուցե խաղաղություն բառը կլինի, բայց ընդամենը վերարտադրման իրական նշանակություն կունենա»:

Նիկոլ Փաշինյանը կրկին արձագանքեց՝ ասելով. «Տիկին Գրիգորյան, դեղ խմելու մեջ ամոթ բան չկա, այսօր առավոտից գլուխս ցավում էր, ուզում էի դեղ խմել, լավ է, լեգիտիմացրեցիք:

Տեղապահը չի նստում տեղը, ասի՝ կարևորը՝ տեղս նստեմ, այս ժամանակը գլորեմ, տեսնեմ՝ ինչ է լինում։ Այդ ժամանակը պետք է իմաստավորված օգտագործվի։ Ես կարծում եմ, որ այդ ժամանակը իմաստավորված օգտագործում եմ:

Այդ մենակ ձեր խմբակցությունում է և ձեր քաղաքական ուժում է, որ բոլորը ծայրահեղ կրթված են: Դե, դուք վունդերկինդների խմբակցություն եք, կարիք չունեք կրթվելու, դուք այդպես էլ մնացեք նույն կետի վրա։

Ինչ վերաբերում է պայմանագրի բովանդակությանը, չկա այդպիսի կետ, որի մասին մարդիկ չգիտեն։ Դա սուտ, ֆեյք տեղեկատվություն է, բոլոր կետերի մասին մարդիկ գիտեն: Բա որ չգիտեք կետերի մասին, ի՞նչ գիտեք, որ հայցեր ենք հետ վերցնելու։ Ես դա հայտարարել եմ, որ ոչ մեկը հանկարծ դրա մասին չիմանա՞։

Որտեղի՞ց գիտեք, երրորդ կողմերի ուժեր կանգնելո՞ւ են, թե՞ չեն կանգնելու: Որտեղի՞ց եք իմացել:

Այն կետերում, որտեղ եղել է էսկալացիա, դրանք այն կետերը չեն, դրանք այդ փաստաթղթի տիրույթից դուրս են:

Ինչ վերաբերում է ձեռնամարտին ու հովիվներին դիմավորելուն, այդ մասով մի շարք, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ քրեական գործերով անցնում են: Դուք օրը մի քանի անգամ իրենց մասին խոսելիս՝ ասում եք՝ հերոսները։ Բա իրենց ինչի՞ չեք ասում՝ այդ ի՞նչ վիճակ էր այդ տարածքում, բա դուք ինչո՞վ էիք զբաղված: Փոխարենը՝ իրենց դարձնում եք քաղաքական հալածյալներ:

Առաջարկում եք մեզ գնդակահարել, դա հասկացանք, բա իրենց ինչի՞ չեք առաջարկում գնդակահարել։ Այդ դասալիքներին ինչի՞ չեք առաջարկում գնդակահարել, այդ վախկոտ փախածներին ինչի՞ չեք առաջարկում գնդակահարել։ Ձեր հրահանգո՞վ էին փախնում, որ Հայաստանում քաղաքական պրոցեսներ հրահրեի՞ք: Բա ինչի՞ եք քաղաքական բանտարկյալներ կամ իրենց քաղաքական հալածյալներ համարում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս