
Խաչատուր Սուքիասյանն անհանգիստ է՝ պետական գույք կա, որը վարձով չի տրվում
ՀՀ գույքի կառավարման համակարգի ներքո 400 միլիարդից ավելի գույք կա կուտակված, որոնց մեծ մասը ո՛չ վարձով է տրվում, ո՛չ վաճառվում է, ո՛չ էլ տեղյակ ենք, թե ինչի մասին է խոսքը: Երբ դիտում ենք ՀՀ-ում մասնավոր սեկտորի կողմից, անշարժ գույքի գործակալությունների կողմից, տեսնում ենք, որ տարեկան մոտավորապես առքուվաճառք կատարվել է մինչև 59 հազար գույք, իհարկե, դրանց մեծ մասը հնարավոր է բնակարաններ լինեն, դրանցից մոտավորապես 1,580-ն արտասահմանյան քաղաքացիներ են ձեռք բերել:
Երբ այդ գույքը չի գործում, ոչ մի գեներացիա չի կատարվում, հարկ չի վճարվում, աշխատատեղ չի ստեղծվում, հնարավո՞ր չի դրանք հանձնենք մասնավոր սեկտորին, նրանք կառավարեն, վաճառեն, վարձով տան, վերանորոգեն: Խնդրում եմ, սա առանձին քննարկման թեմա դարձնեք՝ ինչու պետք է պետական ունեցվածքը մի կողմ դրված լինի և ոչ մի գեներացիա չապահովի ՀՀ-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Փաշինյանը նշեց, որ այո, այդ պրոբլեմը գոյություն ունի և օրակարգային հարցերից է այդ պրոբլեմը լուծելը: «Օրինակ՝ Հանրապետության հրապարակի վրա կա այդպիսի շենք, որ Կառավարությունը փորձում է ինչ-որ մի ներդրումային տրամաբանության մեջ դնի, բայց ադպես էլ չի ստացվում: Եթե կան կոնկրետ գաղափարներ, թե ինչ սխեմաներով դա կարելի է անել, մենք բաց ենք այդ գաղափարների համար: Դա իրականում շատ նուրբ և բարդ գործընթաց է:
Մենք խնդիր ունենք, որ ասենք Երևանի կենտրոնում գտնվող համալիրն էլ դրվել է մասնավորեցման կամ հետաքրքություն չի ցուցաբերվել: Կոնկրետ ունենք իրավիճակներ, երբ մենք մի սխեմայով փորձ էինք անում դա դնել մասնավորեցման, բայց որոշակի քննադատություններ եղան մասնավորեցման այն սխեմայի վերաբերյալ, որ Կառավարությունը մտածում էր անել, այդ սխեման փոխեցինք, մասնավորեցումը տեղի ունեցավ, բայց հիմա ճգնաժամ է առաջացել և մեծ հավանականությամբ այդ մասնավորեցման արդյունքում առաջացած ճգնաժամի լուծմամբ պետք է զբաղվենք: Բայց ուզում եմ ասել նաև, որ 2024 թվականին պետական գույքի կառավարման փողով պետական բյուջեի եկամուտներն էականորեն աճել են, մոտավորապես 20 միլիարդ դրամի եկամուտ ենք ունեցել»:
Սուքիասյանը մեկ օրինակ ներկայացրեց.
«1998-ի Ռուսաստանի դեֆոլտի արդյունքում ՀՀ-ում անշարժ գույքի գները բավականին ընկել էին և պետությունը, երբ պայմանագիր էր կնքել անշարժ գույքը ձեռք բերողների հետ, որոնք պետք է տասը տարվա ընթացքում այդ գումարը լրացնեին, դա ոչ մեկի սեփականությունը չէր, չէին կարողանում բանկեր դիմել, ինչ-որ մի հատվածը վաճառել: Մի օրենսդրական նախաձենություն բերեցինք, դրանից հետո սկսեց գեներացվել բոլոր այդ տարածքները վերավաճառվել, վերանորոգվել, ուզում եմ ասել, այդ կարգի գումարի անշարժ գույք ունենալը և 20 միլիարդ հավաքելը, կարծում եմ՝ ցածր է»:
Փաշինյանն էլ նշեց, որ հանրապետությունում ահռելի գույք կա, որ ժամանակին մասնավորեցվել է, բայց նույն կերպ տնտեսական շրջանառության մեջ չի. «Եթե մասնավորին ու պետականը համեմատենք, վստահ եմ, որ մասնավորի տիրապետության տակ գտնվող գույքերը, որոնք շրջանառության մեջ չեն՝ հաստատ ավելի շատ են»: