Փաշինյանը լուծարում է Հայաստանի Հանրապետությունը

Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, թե Հայաստանը չպետք է շարունակի ղարաբաղյան շարժումը։

Իրեն որևէ մեկն այդ մասին հարց չի ուղղել, հարցրել են խաղաղության համաձայնագրի, Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի մասին, իսկ ինքն ինքնաբուխ առաջ է քաշել «արդյո՞ք մենք պետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը» հարցը, ապա պատասխանել է, թե իր կարծիքով՝ Հայաստանը չպետք է շարունակի ղարաբաղյան շարժումը, իսկ մի քանի րոպե անց հայտարարել է, թե արդեն իսկ ունի դրա վերաբերյալ քաղաքական որոշում

«Ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, ասենք՝ «Արևմտյան Ադրբեջանի»»,- որպես մի շարքային հայտարարություն՝ ամբիոնից նետել է նա։

Վերջին տարիներին ամենանողկալի մեթոդներով Հայաստանի պատմության, այդ թվում՝ նորագույն պատմության դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանն այսպիսով վերջին մեխն է խփում ոչ միայն ու ոչ այնքան՝ ուղղակի ղարաբաղյան շարժման մասին հիշողության, որքան՝ Հայաստանի նորանկախ Հանրապետության լուծարման գործընթացում։

1988 թվականի ղարաբաղյան շարժումը սկզբում լինելով Արցախի վերամիավորման, ապա վերափոխվելով արցախահայերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության շարժման, հիմք է հանդիսացել Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադրման համար։ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է ղարաբաղյան շարժման շնորհիվ ու անցել է պետության ձևավորման հիմնարար փուլը հենց ղարաբաղյան շարժման միջոցով։ Այդ մասին շատ է գրվել ու խոսվել։ Հիմա՝ հայտարարելով, թե «մենք չենք շարունակում ղարաբաղյան շարժումը», իրականում Նիկոլ Փաշինյանն ազդարարում է նորանկախ Հայաստանի լուծարման մասին։ Հասկանալի է՝ խոսքը ֆորմալ, ատրիբուտային լուծարման մասին չէ, այլ պետության ու պետականության այն բովանդակության, որի վրա խարսխված է Հայաստանի Հանրապետությունը։ Ատրիբուտիկ պետությունն այնքան, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ապրի կառավարական կեցավայրում ու երթևեկի ծածանվող դրոշով ավտոմեեքենայով, թերևս կմնա։ Բայց անկախ պետությունը, որի ստեղծման հիմքում Արցախն ընդգրկող մի քանի հազարամյա հայկական ամբողջական կենսատարածքի պաշտպանությունն էր, լուծարվում է Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով։

Թե ինչու է հատկապես հիմա ու հատկապես այդպիսի ձևակերպումներով Նիկոլ Փաշինյանը խոսում ղարաբաղյան շարժման մասին, դժվար չէ կռահել։ Նա սովորության համաձայն՝ հերթական նվերն է մատուցում Ադրբեջանին՝ ղարաբաղյան շարժումը, արցախահայերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության շարժումը նույն հարթության մեջ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ օկուպացիոն նկրտում ունեցող «Արևմտյան Ադրբեջան» ցնդաբանության հետ՝ այդպիսով, ևս մեկ անգամ լեգիտիմացնելով ընդամենը վերջերս զառանցանք համարվող՝ Իլհամ Ալիևի ծրագրերը։

Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակած ամբիոնից հայտարարել «ղարաբաղյան շարժումը չշարունակելու քաղաքական որոշման» մասին, որովհետև Հայաստանի քաղաքական ուժերն ու հանրությունը չեն կարողանում քաղաքական որոշում կայացնել՝ իրեն քաղաքական որոշումներ կայացնելուց առնվազն մի քանի կիլոմետր հեռու պահելու հարցում։   

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս