Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում,  ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Լայպցիգի քաղաքապետարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն,  մարտի 25-ին Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 հասցեում (Friedrich-Ebert-Strasse 27) բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը:

Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում։

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հուշատախտակի  բացմամբ ազդարարվել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը. նախաձեռնությունն իրականցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Լայպցիգի քաղաքապետարանի, Լայպցիգի Հայ Մշակութային Միության և Երևանի Գյոթե կենտրոնի հետ համագործակցությամբ։

Հուշատախտակի բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, Լայպցիգի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Իսահակյանի  պոեզիայի և արձակի հայ և գերմանացի սիրահարներ։

«Ավետիք Իսահակյանը հայ գրականության ամենավառ դեմքերից է: Նրա ստեղծագործությունները Հայաստանի և հայկականության սահմաններից դուրս են եկել` դառնալով համամարդկային արժեքներ։

Գերմանիան առանձնահատուկ դեր է խաղացել Իսահակյանի կյանքում։ Նա մի քանի տարի ապրել է Գերմանիայում՝ Լայպցիգում, Բեռլինում, որտեղ ուսումնասիրել է եվրոպական գրականությունն ու փիլիսոփայությունը և ակտիվորեն շփվել ժամանակի  առաջադեմ գրական ու քաղաքական շրջանակի հետ։

Նրա գործերը լի են մարդկային էության շուրջ մտորումներով, որոնք սերտորեն առնչվում են նաև գերմանական մեծ մտածողների գաղափարներին: Կարելի է ասել, որ գերմանական փիլիսոփայական միտքը մեծապես ազդել է Ավետիք Իսահակյանի աշխարհընկալման վրա։

Մեծարելով Իսահակյանի գրական ժառանգությունը` նաև ընդգծում  ենք Հայաստանի և Գերմանիայի միջև մշակութային կապերը։ Նրա խոսքը, նրա պոեզիան հավերժական կամուրջ է անցյալի և ներկայի, Արևելքի և Արևմուտքի միջև»,- իր խոսքում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

«Ինքնություն» խորագիրը կրող հուշատախտակի ճարտարապետ-դիզայները Հակոբ Իսկուդարյանն է, քանդակագործը՝ Ռուբեն Նալբանդյանը: Հուշատախտակում ներկայացված է  տեղեկություն բանաստեղծի լայպցիգյան տարիների մասին, ինչը նաև փաստական վկայություն է առ այն, որ Ավետիք Իսահակյանը Յոհաննես Լեփսիուսի, Յոզեֆ Մարկվարտի հետ միասին եղել է հայ-գերմանական ընկերության հիմնադիրներից:

Հուշատախտակին ամրացված է  Գյումրիի սև տուֆը, որը շատ էր սիրում Իսահակյանը, և իր երևանյան տունը ևս կառուցված է այդ տուֆից: Հուշատախտակի վրա կա նաև QR կոդ, որի միջոցով այցելուները  կարող են դիտել Իսահակյանի և Գերմանիայի առնչությունների մասին գերմաներեն տեսանյութ:

Տեսանյութեր

Լրահոս