
ՌԴ-ն և Ուկրաինան ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնել են Սև ծովում և էներգետիկ օբյեկտների վրա հարվածների դադարեցման

Միացյալ Նահանգներն Էր Ռիադում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ բանակցություններից հետո մարտի 25-ին առանձին համաձայնություններ է ձեռք բերել երկու երկրների հետ՝ Սև ծովում և էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու մասին։ Ընդ որում, Վաշինգտոնը համաձայնել է նպաստել, որ Մոսկվայի դեմ որոշ պատժամիջոցներ չեղարկվեն։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։Ըստ ձեռք բերված համաձայնության՝ ԱՄՆ-ն կփորձի հասնել ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման։
Կրեմլը, սակայն, հայտարարել է, որ Սևծովյան համաձայնություններն ուժի մեջ չեն մտնի, եթե չվերականգնվեն ռուսական մի քանի բանկերի և միջազգային ֆինանսական համակարգի միջև կապերը։ Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կրեմլի հայտարարությունն անվանել է համաձայնագրերը «մանիպուլացնելու» փորձ՝ ասելով, որ իր ընկալմամբ՝ հրադադարի համաձայնագիրը պետք է ուժի մեջ մտներ անմիջապես, և դրա համար չէր պահանջվում պատժամիջոցների չեղարկում։
«Նրանք արդեն փորձում են խափանել համաձայնությունները, և, փաստորեն, խաբել թե՛ մեր միջնորդներին, թե՛ ամբողջ աշխարհին», – ասել է Զելենսկին տեսաուղերձում։
Ե՛վ Մոսկվան, և՛ Կիևը հայտարարել են, որ կապավինեն Վաշինգտոնին համաձայնությունների իրագործման հարցում, սակայն երկուսն էլ կասկած են հայտնել առ այն, որ մյուս կողմը կհետևի պայմանավորվածություններին։Լավրովը հայտարարել էր, որ Սևծովյան նախաձեռնության վերսկսման համար Ռուսաստանին հարկավոր են հստակ երաշխիքներ։
Միևույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտնել է, որ իր կարծիքով, Ռուսաստանը կփորձի ձգձգել Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի շուրջ համաձայնագրի կնքումը։Թրամփը նաև Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ «մեծ առաջընթաց» է ձեռք բերվել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում՝ չնայած առկա «ահռելի թշնամանքին»։
«Մեծ ատելություն կա, ինչպես կարելի է սպասել, իսկ սա թույլ է տալիս մարդկանց հավաքվել միջնորդների միջոցով և տեսնել՝ արդյոք կարող ենք այս ամենը դադարեցնել։ Կարծում եմ՝ կստացվի», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Կրեմլը մարտի 25-ի երեկոյան հայտարարել է, որ ամերիկյան կողմի հետ համաձայնել է 30 օրով դադարեցնել էներգետիկայի օբյեկտների նկատմամբ հարվածները մարտի 18-ից, երբ տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցը։ Մոսկվան նաև պատրաստակամություն է հայտնել երկարաձգելու այս համաձայնությունը։ Կրեմլը նաև հրապարակել է ռուսական և ուկրաինական էներգետիկ օբյեկտների համաձայնեցված ցուցակը, որոնց վրա տարածվելու է մասնակի հրադադարը։
Ցանկում ներառված են նավթավերամշակման գործարաններ, խողովակաշարեր, նավթի պահեստարաններ, պոմպակայաններ, էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման ենթակառուցվածքներ, այդ թվում՝ էլեկտրակայաններ, ենթակայաններ, տրանսֆորմատորներ, բաշխիչներ, ատոմակայաններ և հիդրոէլեկտրակայաններ։