
Փաշինյանին ասացին` «ողջույն, ողորմելի». եթե սա լավ «խաղաղության համաձայնագիր» է, ապա թող անհապաղ այդ փորձը կիրառեն Ուկրաինայում». Արմեն Աշոտյան

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է պատասխանել քաղաքացիների հարցերին` «5 հարց Արմեն Աշոտյանին» խորագրի ներքո:
-Պարոն Աշոտյան, «Խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտի մասին լուրը արժանացավ եվրոպական և միջազգային ողջյուններին, իսկ իշխանությունները դա փորձում են ներկայացնել որպես դիվանագիտական հաղթանակ։ Ի՞նչ կասեք այդ մասին։
Արմեն Աշոտյան– Արդեն հայտնի է, և սա ստույգ տեղեկատվություն է, որ Փաշինյանն անձամբ նախապես հավաքել է արևմտյան դեսպաններին և խնդրել օգնել իրեն ադրբեջանական պահանջները «մարսելու» գործում։
Իրականում ինչո՞ւ չպիտի ողջունեն, եթե դրսի բազմաթիվ խաղացողների շահերից է բխում նման ենթադրվող փաստաթղթի ստորագրումը։ Դիվանագիտական լեզվից պարզ լեզվին թարգմանելիս, սակայն, այդ արձագանքները ունեն «ողջույն, ողորմելի» իմաստը։
Եթե եվրոպական երկրներն իրոք հավանում են կոնֆլիկտների՝ նման ձևով, միակողմանի զիջումներով, մեկ կողմի շահերի հաշվին հանգուցալուծումը, ապա հորդորում եմ իրենց ճիշտ նույն ձևով, նույն ալգորիթմով, նույն ոճով այս փորձը փոխանցեն Ուկրաինային։ Եթե սա լավ «խաղաղության համաձայնագիր» է, ապա թող անհապաղ այդ փորձը կիրառեն Ուկրաինայում։ Կանե՞ն։