
«ԵՄ դիտորդներին բերելը մի այիբ էր, Ալիևի պահանջով նրանց հեռացնելը՝ երկու». Արմեն Աշոտյան

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է պատասխանել քաղաքացիների հարցերին` «5 հարց Արմեն Աշոտյանին» խորագրի ներքո:
-Պարոն Աշոտյան, նման մի հարցի ժամանակին պատասխանել եք, բայց այն կրկին արդիական է։ Հանրապետականը չէր ողջունել ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին։ Ինչո՞ւ եք հիմա քննադատում Փաշինյանին, որ համաձայնվել է Ալիևի պահանջի հետ` հեռացնել երրորդ ուժերին հայ-ադրբեջանական սահմանից։
Արմեն Աշոտյան– Նախ, ԵՄ դիտորդական առաքելության մասին։ ԵՄ դիտորդների գործունեության ընթացքում հայ հասարակությանն այդպես էլ հայտնի չդարձավ նրանց կողմից Ադրբեջանի ոտնձգությունների կանխման, արձանագրման կամ ագրեսորի հանդեպ ԵՄ-ի պատժի գեթ մեկ փաստ։
Ավելին, հիշեցնեմ, որ դա արվեց ոչ թե գեոպոլիտիկ համադրման, այլ հակադրման գործելաոճով, ինչն էլ ավելի վատթարացրեց հայ-ռուսական հարաբերությունները։ Ինչ վերաբերում է ներկայիս քննարկումներին, ապա Ալիևի ցանկացած, այդ թվում՝ այս միակողմանի պահանջի կատարումն անձամբ ես համարում եմ անթույլատրելի։
Ալիևի հերթական պահանջների բավարարումը Հայաստանի ինքնիշխանության ճգնաժամի դրսևորումներից է։ ԵՄ դիտորդներին բերելը մի այիբ էր, Ալիևի պահանջով նրանց հեռացնելը՝ երկու:
Ինչ վերաբերում է համաձայնագրի բուն կետին, ապա ակնկայտ է, որ հեռահար տեսանկյունից դա ոչ այդքան հայ-եվրոպական, որքան հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ նետված քար է։
Հարց չորրորդ։ «Խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտի մասին լուրը արժանացավ եվրոպական եւ միջազգային ողջյուններին, իսկ իշխանությունները դա փորձում են ներկայացնել որպես դիվանագիտական հաղթանակ։ Ի՞նչ կասեք այդ մասին։