
«Ադրբեջանը պահանջում է հանձնել Արցախի համար պայքարողներին, այսինքն՝ ամբողջ հայ ազգին, այս ամենին սատարում է ՀՀ իշխանությունը, չեմ զարմանա, որ հենց իրենք են առաջարկել այս բոլոր կետերը»

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի արդյունքներով Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը (The World Council of Churches) հանդես է եկել Ադրբեջանում պահվող հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու մասին հայտարարությամբ։
«Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը խորը մտահոգություն է հայտնում հայ բանտարկյալների շարունակական ապօրինի կալանքի վերաբերյալ: Մարդկանց պատանդ վերցնելն ու պահելը միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիայի լրջագույն խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ 2020թ. նոյեմբերից մինչև 2023թ. հոկտեմբեր Ադրբեջանն անօրինական կերպով գերեվարել է առնվազն 23 հայի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, նախկին և ներկա պաշտոնյաների և զինվորականների.
«Նրանցից շատերը, ինչպես փաստագրել են մարդու իրավունքների կազմակերպությունները, ենթարկվել են խոշտանգումների և նվաստացնող վերաբերմունքի»:
Օրեր առաջ էլ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլթսն էր գրառում արել՝ նշելով, որ խոսել է Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։ Նրան ասել է, որ պետք է վերջնականացնեն խաղաղության համաձայնագիրը, ազատեն բանտարկյալներին։
Արցախի Հանրապետության «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի խոսքով՝ լավ է, որ Բաքվում պահվող պատանդների, գերիների հարցը միջազգային տարբեր կառույցների ուշադրության կենտրոնում է, սակայն նրանց բոլոր հայտարարությունները, բանաձևերը չեն կարող որևէ արդյունք տալ, մինչև ՀՀ իշխանությունը չսկսի աշխատել։
«Անկախ նրանից, թե տարբեր միջազգային դերակատարներ ինչ գործընթացներ կիրականացնեն, եթե այդ գործընթացները Հայաստանի իշխանությունների կողմից դիվանագիտական հարթակում չվերածվեն գործուն մեխանիզմների, արդյունք ակնկալել հնարավոր չէ։ Կարևոր գործիքներից մեկն այն է, որ նախապայման պետք է դրվի Ադրբեջանի առաջ, որ բոլոր գերիներն առանց խտրականության վերադարձվեն Հայաստան, հակառակ պարագայում այս ամենը որևէ արդյունք չի կարող տալ։
Բայց մենք հստակ տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունների օրակարգում այդ հարցը չկա, եթե խոսում էլ են, ապա շատ ցածր մակարդակում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովիկ Ավանեսովը։
Չնայած ՀՀ իշխանությունների անգործությանը, Հովիկ Ավանեսովը վստահ է, որ հայ ազգը պետք է շարունակի աշխատանքներ տանել տարբեր հարթակներում, թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, միջազգային հանրությունում այդ հարցն ակտիվացնելու համար։
«Միջազգային հանրությունն այս պահին պետք է լուրջ մեխանիզմներ կիրառի Ադրբեջանի դեմ՝ սահմանելով պատժամիջոցներ, այս դեպքում հավանական է, որ պատանդները, գերիները հայրենիք վերադարձվեն։ Պետք է այս իշխանություններին ստիպեն, որպեսզի աշխատեն, ոչ թե ասեն՝ «եթե մեր հայրենակիցները 2 ամիս ավելի մնան Բաքվի բանտում, մեզանից չեն նեղանա», ինչպես 2021 թվականին ասում էր Նիկոլ Փաշինյանը»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։
Ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը զարմացած է ոչ թե իշխանությունների անգործության, այլ հայ ազգի պասիվության վրա՝ շեշտելով՝ հասկանալի է, թե ինչու իշխանությունները պատանդների հարցով քայլեր չեն ձեռնարկում, բայց երբ հայ ազգն է պասիվ՝ արդեն խնդիր է։
«Մենք, ի վերջո, պետք է գիտակցենք, որ այսօր Բաքվում ոչ թե 23 հոգու են դատում, այլ ամբողջ հայ ազգին, այդ մարդիկ ապօրինի են դատվում։ Պետք է ազգն անի այն, ինչը հնարավոր է, պետք է ազգը պայքարի առաջին հերթին ինքն իրեն, իր արժանապատվությունը փրկելու համար։
Չմոռանանք, որ Ադրբեջանը հայտ է ներկայացրել, որ իշխանությունները ՀՀ նախկին 3 նախագահներին հանձնի Ադրբեջանին, հանձնի նաև Արցախի համար պայքարողներին, այսինքն՝ ամբողջ հայ ազգին։ Եվ այս ամենին սատարում է ՀՀ իշխանությունը, չեմ զարմանա, որ հենց իրենք են առաջարկել այս բոլոր կետերը։
Անտարբեր նստած են, այգի են նորոգում, ծառ են տնկում, միմյանց գարնան առաջին օրն են շնորհավորում»,- տարակուսում է Վազգեն Սիսլյանը։