ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի արդյունքներով ԵՀԽ -ն հանդես է եկել հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ  նստաշրջանի արդյունքներով Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը (The World Council of Churches) հանդես է եկել Ադրբեջանում  պահվող հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու մասին հայտարարությամբ:

«Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը խորը մտահոգություն է հայտնում հայ  բանտարկյալների շարունակական ապօրինի կալանքի վերաբերյալ: Մարդկանց պատանդ վերցնելն ու  պահելը միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիայի լրջագույն խախտում է»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ 2020թ. նոյեմբերից մինչև 2023թ. հոկտեմբեր, Ադրբեջանն անօրինական կերպով գերեվարել է առնվազն 23 հայի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, նախկին և ներկա պաշտոնյաների և զինվորականների. «Նրանցից շատերը, ինչպես փաստագրել են մարդու իրավունքների կազմակերպությունները, ենթարկվել են խոշտանգումների և նվաստացնող վերաբերմունքի»:

«Մենք վերահաստատում ենք ապօրինի կալանավորված  բոլոր անձանց անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու պահանջը: Անձանց երկարատև կալանքը, որն ուղեկցվում է  իրավական պաշտպանության խախտումներով,  խաթարում է տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունը  նաև կոչ է անում Մարդու իրավունքների խորհրդին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու հայ պատանդների ազատ արձակումը և հորդորում է բոլոր կողմերին՝ կատարել իրենց իրավական պարտավորությունները միջազգային իրավունքի շրջանակներում:

«Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդն իր համերաշխությունն է հայտնում  Հայ Եկեղեցուն և ժողովրդին, ինչպես նաև այս իրավիճակից տուժած բոլոր մարդկանց, և վերահաստատում է արդարության ու խաղաղությանն ուղղված  իր հանձնառությունը», – եզրափակում է հայտարարությունը:

Տեսանյութեր

Լրահոս