Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած երեկ ողջ օրը իշխանական քարոզչամեքենան եւ ՔՊ-ականները լծված էին հերքելու, թե գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է արձակել Վարդենիսի Սոթքի հատվածում, սակայն տեղացիներից ստացանք հաստատումներ, որ տեւական ժամանակ կրակել են, ու դա շատերն են լսել, մարդիկ զարմանում էին, թե ինչպես են կեղծ հերքումներ տարածում։

Մեզ ասացին, որ ամենաբարձր մակարդակով պետական ապարատին եւ համայնքային իշխանություններին հանձնարարվել է չխոստովանել կրակոցների փաստը, թերեւս՝ որ չխաթարվի Փաշինյանի հյուսած խաղաղության հեքիաթը։ Անգամ նորօրյա Արծրուն Հովհաննիսյան էին գտել՝ ի դեմս լրագրող Թաթուլ Հակոբյանի, որն առավոտյան գրառում արեց, թե ինքն այդ պահին Վարդենիսում է, կրակոցների մասին լուրերն ապատեղեկատվություն են, իսկ կարճ ժամանակ անց գրառումը հեռացրեց, քանի որ Վարդենիսից անուղղակի հաստատումներ էին ստացվում։

Եվ նույնիսկ նախարար Սուրեն Պապիկյանը «չորով» չհերքեց կրակոցների փաստը` ԱԺ-ում լրագրողներին ասելով, որ ՊՆ-ն ներկայացնում է միայն վտանգավոր կրակոցների փաստերը։ Անգամ նման հարցերում իշխանությունը ճիշտ չի կողմնորոշվում` այդ տեղեկատվությունը թաքցնելն ավելի է լկտիացնելու թշնամուն:

Եվ հակառակը` իրականությունը ներկայացնելն այս դեպքում միայն օգնելու է մեր երկրի պաշտպանվածության բարձրացմանը: Այս պահվածքը խոսում է այն մասին, որ փաշինյանական իշխանությունը մեկ թիրախ ունի` հայ հասարակությունը, եւ ամեն ինչ անում է՝ նրան կառավարելու, մանիպուլացնելու եւ նվազած վարկանիշի մնացորդները պահպանելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս