
Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա, դա ինքը՝ Հայաստանի Հանրապետությունն է. Փաշինյան

Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա, դա ինքը՝ Հայաստանի Հանրապետությունն է։ Այս մասին նա այսօր հայտարարեց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք երաշխավոր պետք է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու դեպքում այն կյանքի կոչելու համար։
Ըստ Փաշինյանի` Հայաստանը պետք է ի վիճակի լինի իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության, առանց արտաքին միջամտության։
Այս համատեքստում նա հիշեցրեց 2022 թի սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները (ադրբեջանական ագրեսիան Ջերմուկի ուղղությամբ- խմբ.)։
«…Հետո տեղի ունեցավ 2022 թվականը։ Հետո տեղի ունեցավ այն, որ մենք փուլ-փուլ սառեցրինք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է եղել դե յուրե: Ի՞նչ, մենք ուզում ենք նորից նույն պատմության մեջ մտնե՞լ։ Ո՛չ, ես համաձայն չեմ դրա հետ»,– ասաց նա։
Վարչապետի կարծիքով` ավտանգության երաշխիքներից մեկը պաշտպանունակ բանակն է, որի բարեփոխումները տեղի են ունենում մեծ թափով:
«Հայաստանի կառավարությունը լուռ է ընդհանրապես բանակի բարեփոխումների ոլորտում ինչ է տեղի ունենում, լուռ, բացարձակ։ Հայաստանում ոչ մեկ չի նկատում, ոչ մեկ ոչ տեսնում է, ոչ լսում է դա։ Տեղեկատվությունը միայն նրա մասին է, որ Հայաստանը զիջեց, Հայաստանի կառավարությունը տվեց և այլն»,– հավելեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը կրկին վերահաստատեց, որ Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությունը, որովհետև Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու։
«Ներառյալ՝ չունի խնդիր լուծելու կապված Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հետ, որովհետև ինչպես արդեն ասացի՝ սահմանազատման դե յուրե գործընթացը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որ այդ խնդիրը լուծվի սահմանազատման գործընթացում»,– ասաց նա։
Փաշինյանը հավելեց նաև, որ տարածաշրջանում էսկալացիայի և էսկալացիայի հնարավորության մասին բոլոր խոսակցությունները, գնահատականները, պնդումներն արհեստական են և մտացածին:
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ ավելի ու ավելի դժվար է դառնում, եթե չասենք ՝ անհնար։ Ըստ նրա ՝ «անվերադառնալիության կետն» անցել է։