
«Ակումբի վրա դրվել են մեծ փողեր և կան նաև արդյունքներ՝ թե սպորտային, թե քաղաքական»․ Արտյոմ Տոնոյան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քանի որ երեկոն ֆուտբոլային է, բայց ուրախանալու առիթ էլ չկա առանձնապես, մի քանի բան առանձնացնենք Ադրբեջանի «ֆուտբոլային դիվանագիտության» մասին։
Ադրբեջանում հատկապես ակումբային ֆուտբոլը իր զարգացման համար պարտական է Արցախյան հակամարտությանը, քանի որ աշխարհում ադրբեջանական ամենահայտնի ակումբի՝ «Ղարաբաղի» վրա պետական լուրջ փողեր են դրվել հենց այս հակամարտության պատճառով։
Ինչ-որ մի պահի Ալիևին հուշել են, որ եթե Ադրբեջանը ունենա «Ղարաբաղ» անունով ակումբ և որը կարողանա հնարավորին շատ միջազգային խաղեր անցկացնել, ապա այդ անվանումը միջազգային հանրության մոտ ավելի շատ կսկսի ասոցացվել Ադրբեջանի հետ։
Ինչ խոսք, այդ ակումբի վրա դրվել են մեծ փողեր և կան նաև արդյունքներ՝ թե սպորտային, թե քաղաքական։
Եվ քանի որ այդ փորձը տվել է պտուղներ, իսկ Ադրբեջանի ախորժակն էլ ավելի բացված է ու նաև որոշված է Արցախի հակամարտության բացը լրացնել «Արևմտյան Ադրբեջանով», որոշել են հիմա էլ նույնկերպ առաջ մղել «Իրավան» անունով մի ֆուտբոլային ակումբ։
Ակումբը սկզբում հայտնի էր Ադրբեջանում քչերին։ Հետո պարզվեց, որ ռեգիոնալից այն արդեն տեղափոխվել է Առաջին լիգա, ունի նոր մարզադաշտ և նոր «հովանավորներ» ու ֆինանսներ, և հավանաբար առաջիկա տարիներին կտեսնենք այս ակումբը նաև միջազգային հանդիպումներ անցկացնելիս։
Ակումբի նշանը կցում եմ այս գրառմանը»։