
Եկամուտների հայտարարագրման արդյունքում փոխհատուցումները Էդուարդ Հակոբյանը համարում է կյանքը բարելավվելու լավ շանս

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին, ասաց, թե մարդիկ մոտիվացված են նաև իրենց կյանքի որակը բարձրացնելու առումով, իսկ սա հնարավորություն է կյանքի որակը բարձրացնելու։
«Կյանքի որակը բարձրացվում է սոցիալական կրեդիտների միջոցով։ Հիմա լայն հնարավորություն կա ընտանիքի անդամների համար կրթական, առողջապահական ծառայությունների դիմաց եկամտահարկից նվազեցումներ ունենալ և փոխհատուցումներ ստանալ, որը կարծում եմ, լավ շանս է մարդու կյանքի որակը բարելավվելու»,- հայտարարեց նա։
ՊԵԿ նախագահի փոխանցմամբ, 12.000 մարդ արդեն հայտարարագրել է իր եկամուտները և ամեն շաբաթ հայտարարագրման տեմպերն ավելանում են։
Ըստ նրա՝ պասիվությունը ոչ թե իշխանության նկատմամբ հասարակության անվստահության հետևանք է, այլ հենց հասարակության վարքագիծ։ Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ ժամկետի ավարտին գործընթացն ավելի ակտիվանում է։
ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ եկամուտները հայտարարագրելով՝ քաղաքացին հայտնվում է կառավարության հոգածության թիրախում։
Նրա գնահատմամբ, հասարակությունը երազանք ունի՝ ավելի լավ պետություն կառուցելու, իսկ դրա ճանապարհը սա է։