
Թալանչին էլ եք դուք, բացահայտողն էլ. բա բացահայտեք, թե՞ Երևանի քաղաքապետարանի կոռուպցիան կոռուպցիա չէ

Քողարկված յուրացումներից բացահայտ թալանի ռեժիմի անցնելու նուրբ արվեստը
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն այնքան է անլրջացել, որ արդեն վերածվել է զավեշտի, և տրագիկոմիկ երանգներ է ստանում հատկապես ընտրություններից առաջ: Երևի այդ պատճառով է «մեծարգո վարչապետը» ընտրություններին ընդառաջ արխիվից հանել նախորդ ընտրություններում կիրառված տեխնոլոգիական հնարքների սխեմաներն ու մեխանիզմները, որոնց մեջ ահագին տեղ էին զբաղեցրել նախորդ իշխանության ներկայացուցիչների կոռուպցիոն դրսևորումների բացահայտումների, թալանի վերադարձի խոստումներն ու առասպելները և լիքը նման նախընտրական հետաքրքիր ու գրավիչ բաներ: Այդ ժամանակ «մեծարգոն», «բանտիկով չագուչը» ձեռքին, իրեն դիրքավորել էր՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի մեծ ու անփոխարինելի մասնագետ:
Բայց հիմա շատ պատահաբար հանկարծակի պարզվել է, որ անցած երկու ընտրություններում անընդմեջ հաղթել է իրենց քաղաքական ուժը, իսկ կոռուպցիան, որպես կանոն՝ բնորոշ է իշխանություն կրողներին` պաշտոնյաներին, և այդ համատեքստում բացահայտվել է, որ նախկինն էլ են իրենք, ներկան էլ, իսկ «նախկիններին» վերագրվող երևույթների դեմ պայքարի արդյունքում պետք է բացահայտեն և անարգանքի սյունին գամեն յուրայիններին, որովհետև արդեն 7 տարի է, ինչ իրենց «քաղաքական» ուժն իշխանություն է կոչվում. մի խոսքով՝ թալանչին էլ են իրենք, բացահայտողն էլ:
Բայց Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե իր սպառված քաղաքական զինանոցից չհաներ նույն «թալանի», «կոռուպցիայի», «յաշիկ առ յաշիկ», «բրաբուս առ բրաբուս» հետ բերելու՝ վաղուց խազված ձայնասկավառակն ու այն կրկին չփորձեր աշխատեցնել Գյումրիում, հայրաքաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ փորձելով փրկել իրենց՝ ընտրապայքարն իսկ չսկսած այդ ընտրություններն իր խոսույթով տանուլ տված, մի քանի կուսակցություն փոխած թեկնածուի՝ Սարիկ Մինասյանի դեմքը… Ու կրկնում ենք, դա արեց Գյումրիում, բազմաթիվ սոցիալ-տնտեսական, կենցաղային ու այլ խնդիրներ ունեցող Հանրապետության 2-րդ քաղաքում:
Բայց զավեշտը միայն այդտեղ չէ:
Պարզվում է, Հայաստանում կոռուպցիայի դեմ անողոք պայքար են մղում նաև Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը, եվրոպական կառույցները և իրենց կողմից ֆինանսավորվող քաղաքացիական հասարակություն կոչվող հասարակական կազմակերպությունները, որոնք որպես կանոն՝ ընդամենն օրենքով պահանջվող անդամների նվազագույն քանակ ունեն:
Բանը հասել է այնտեղ, որ ԱՄՆ դեսպանը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյային մրցանակ է շնորհում՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկի, իսկ ներքին գործերի նախարարություն այցելում է՝ որպես դեսպանատան ստորաբաժանում, և դեսպանատանը նույնիսկ հաստիքային աշխատակից ունեն, որը զբաղվում է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի համակարգմամբ:
Զավեշտալին այն է, որ ԱՄՆ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ, ինչպես ասում են՝ մեկը լինի՝ իրենց ազատի կոռուպցիայից (ԱՄՆ նախագահի պաշտոնից Բայդենի հեռանալուց մեկ օր առաջ իր որդուն և ազգականներին կոռուպցիոն գործարքների առիթով ներում շնորհելը՝ վկա: Որդին, հիշեցնենք, մեղավոր էր ճանաչվել և դատավճռի էր սպասում քրեական երկու գործերով):
Իսկ այդ բուռն պայքարի արդյունքն էլ այն է, որ ի հեճուկս արևմտյան «ժողովրդավարների»՝ պետական ու համայնքային բյուջեների վատնելու ռեժիմը վաղուց արդեն քողարկված յուրացումներից անցել են բացահայտ թալանի ռեժիմին:
«Մեծարգո վարչապետի» նախընտրական անկեղծ պոռթկումներն ու SMS-ներով «անկախ» ու «ինքնավար» պաշտոններ զբաղեցնող անձանց ազատումը հաստատեցին այն պնդումները, որ ձերբակալումից մինչև ազատազրկում հոսքագիծը` ոստիկանական, քննչական, դատախազական ու դատական համակարգը, գործում է ընդամենը մի հոգու ցուցումով, ինչքան էլ որ այդ անձը հաղորդակցության բոլոր հնարավոր ուղիներով փորձում է ցույց տալ, որ ինքը կապ չունի այդ ամենի հետ և նույնիսկ հրապարակային զոհաբերում է՝ ինչպես պատվեր կատարող դատավորներին, այնպես էլ՝ պատվերը դատավորին հասցնող բարձրաստիճան պաշտոնատարներին՝ ձեռք չտալով ստորին օղակի՝ տուն պահող կատարողներին, որպեսզի վերջիններիս մոտ ապահովության ու անպատժելիության զգացումը հանկարծ չսասանվի, և չհրաժարվեն ցանկացած հրաման անվերապահ կատարելուց:
Աբսուրդն այն աստիճանի է հասել, որ կառավարությունում էլ չգիտեն, թե ուր են հասել կոռուպցիայի դեմ պայքարում: Հայաստանի սահմաններն անհասկանալի ձևով որոշող փոխվարչապետն ասում է, որ պայքարի վերջին փուլն է, կոռուպցիայի դեմ պայքարի մրցանակակիր արդարադատության նախարարը հայտարարում է, որ կոռուպցիան վերացել է, էլ փուլ չկա, ինչ էլ կա՝ դրվագային է, իսկ իրենց վերադասը՝ կամ ասողը, դեռևս չի կողմնորոշվում և համացանցային ինքնադատաստանի ինչ-որ պատ է ստեղծել՝ «հասկանալու» համար, թե ինչ է կատարվում, և սպասում է ինչ-որ մեկնաբանությունների` երևի թե կողմնորոշվելու համար, թե արդյո՞ք ընտրազանգվածը հասկացել է, որ կոռուպցիան չի վերացել:
Պոզով-պոչով կոռուպցիան. Շինարարություն
Իսկ որ կոռուպցիան չի վերացել, պարզ է դառնում Երևանի քաղաքապետարանի` մարդկանց բնականոն միջավայրն իբր թե իրենց վերադարձնելու անբովանդակ ու այլանդակ կինոներից, որովհետև այդ գովազդի տակ քողարկված է առանց համապատասխան նախագծերի ու շինարարական թույլտվությունների՝ հարյուր միլիոնավոր դրամների անվերահսկելի ապօրինի շինարարություն, իբր թե բակային տարածքների բարեկարգում, որովհետև Հայաստանի Հանրապետությունում շինարարական թույլտվությունների իրավական ռեժիմը դեռևս վերացված չէ նույնիսկ համայնքի ղեկավարների համար:
Այսինքն՝ բակային ազատագրական պայքարը բավականին թանկ է ու անվերահսկելի և մարշալ Ժուկովի կերպարով թաղապետերի ուղեկցությամբ ձախողված քաղաքապետի անիմաստ գովազդները պետք է որ իրավապահների ուսումնասիրության լուրջ օբյեկտ դառնային, հատկապես որ, վերջերս ոստիկանները Մետրոպոլիտենում կատարված գնումներն են համարել ոչ ողջամիտ: Երևի թե դա էլ է կոռուպցիա, որովհետև աուդիտոր ոստիկանը նոնսենս է:
Աբսուրդը հասել է այնտեղ, որ արդեն բարեկարգ բակային տարածքներն ու խաղահրապարակներն են քանդում, որ նորից բարեկարգեն: Միամիտ քաղաքապետը վրդովվում է, որ շենքերի բնակիչները կասկածում են, որ բակերի տարածքներն ազատում են բնակելի նոր շենքեր կառուցելու համար, բայց մարդկանց դառը փորձը ցույց է տալիս, որ ինչպես Մարությանը, այնպես էլ Ավինյանն այդ մասով բարդույթներ չունեն:
Ասֆալտ
Կոռուպցիա «չկա» նաև Երևանի փողոցների խայտառակ ասֆալտապատման ոլորտում, երբ նույն փողոցները մի քանի անգամ ասֆալտապատելուց հետո մարդիկ տեսնում էին, որ փողը քամուն են տվել, սակայն նույն ավերակ վիճակն է, բայց ո՛չ Քննչական կոմիտեն էր արձագանքում, ո՛չ Հակակոռուպցիոն կոմիտեն:
Տրանսպորտ
Բնականաբար, կասեն՝ կոռուպցիա «չկա» ավտոբուսների գնման մրցույթի, հսկայական վարկային միջոցների ներգրավման, տոմսային համակարգի օպերատորի անհասկանալի ընտրության և սակագների օրումեջ փոփոխման հարցում:
Բակային տարածքները իբր թե բակի տերերին վերադարձնելուց հետո, հիմա էլ որոշեցին Երևանի երթուղային գծերը վերադարձնել երևանցիներին: Մասնավոր երթուղիները վերացրեցին, «մահվան գազելներ» ահասարսուռ անունով շոու արեցին, քաղաքապետն առանց համապատասխան վարորդական վկայականի երթուղի դուրս եկավ, ու սկսվեց ԱՆԻՖ-2 հերթական ձախողված ծրագիրը:
Կազմակերպվեց ավտոբուսների ձեռքբերման գործընթած, որից այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ տեխնիկական պայմաններից ելնելով են ընտրվել մատակարարները, արդյո՞ք այդ ավտոբուսները հարմար են Երևանի ռելիեֆի և փողոցների համար: Բայց դե այդ մանր-մունր բաները հո կոռուպցիա չե՞ն մեր Ժամանակներում: Այ, որ նախկինում լիներ, ուրիշ բան:
Անհասկանալի մնաց նաև վարկային պատմությունը: Ո՞վ է վարկառուն, ո՞վ է երաշխավորը, ավտոբուսներն ո՞ւմ սեփականությունն են, ի՞նչ կարգավիճակում են շահագործվում «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից, և, ի վերջո, ո՞վ է պատասխանատու այդ վարկի սպասարկման համար:
Հայտարարվեց, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում հսկայական ստվեր կա, սակայն Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) և Քննչական կոմիտեն (ՔԿ), որոնք ավտոներկրողներին կալանքի սպառնալիքի տակ ստիպում էին հրաժարվել պետական բյուջեի նկատմամբ ունեցած իրավունքներից, այս անգամ իրենց բարեկամ քաղաքապետին թողեցին ավտոբուսի պարկի «բարբարոսների» դեմ միայնակ, մինչև պարզվի, թե ով է ստվերի իրական տերը:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ քաղաքապետն ու իր տեղակալը մոռացել են, որ իրենք ավտոբուսի պարկի ո՛չ դիրեկտորն են, ո՛չ էլ վարիչը, և չեն կարող ո՛չ վարորդ ընդունել, և ո՛չ էլ ազատել, ո՛չ գումար հավաքագրել, սակայն շարունակելով «պայքարը» ստվերի դեմ և արգելելով վարորդներին ընդունել ուղեվարձ, առանց համապատասխան հրապարակային գործընթացի՝ մեջտեղ բերեցին վճարահաշվարկային «ԹելՍել» ընկերությանը, որը պետք է քաղաքացիներից վճար ընդուներ բոլոր ուղևորափոխադրող կազմակերպությունների համար:
Այդքանից հետո էլ «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) վարչության նիստում կոռուպցիոն մեղադրանքներից հետո որևէ մեկը ո՛չ SMS ստացավ, ո՛չ ՊԵԿ-ը միջամտեց, ո՛չ էլ ՔԿ-ն:
Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտի սակագնի՝ ծեծված ու սակարկությունների առարկա դարձած թեմային, արդեն ակնհայտ դարձավ, որ տրանսպորտի սակագինը կապ չունի ո՛չ ուղևորափոխադրման ինքնարժեքի, և ո՛չ էլ ուղևորահոսքի հետ, և, որ այս մարդիկ երևանցիների վզին են փաթաթում ավտոբուսների ձեռքբերման բանկային վարկի սպասարկումը, իսկ ֆինանսական օպերատորի՝ «ԹելՍելի» մասնակցությունն այս նախագծին կարող էր դառնալ առևտրային կոռուպցիայի դրսևորման հետաքրքիր օրինակ:
Քաղաքապետարանի ներդրումային ծրագրերին սպառնում է Փաշինյանի կողմից ԱՆԻՖ հիմնադրամի` «ձախողված» որակված, իսկ իրականում տապալված ներդրումային ծրագրերի ճակատագիրն այն տարբերությամբ, որ ԱՆԻՖ-ը գործում էր նաև երկնքում, իսկ քաղաքապետարանի ձախողումները գետնի վրա են:
Հիշեցնենք, ԱՆԻՖ հիմնադրամով միլիարդներ փոշիացրեցին: Դեռ պետք է պարզել՝ ում գրպաններում այդ ահռելի գումարները հանգրվանեցին:
Դժոխքի վերածվող Երևան
Այն, որ Երևանն աստիճանաբար դժոխքի է վերածվում երևանցիների համար` շնորհիվ երևանցիների 9% քվե ստացած քաղաքական ուժի, այլևս որևէ մեկի մոտ, բացառությամբ Երևանը ոչնչացնող քաղաքական ուժի և դրա շահառուների, կասկած չի հարուցում, իսկ այդ ամենն այնքան բացահայտ ու առանձնակի ցինիզմով է կատարվում, որ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի դատաիրավական համակարգը գործադուլ է անում:
168.am-ն անդրադարձ էր կատարել քաղաքապետարանի շաբաթական ռեժիմով անցկացվող գործակարգավարական խորհրդակցություններում այնպիսի դրսևորումներին, որոնք պետք է ստանային քրեաիրավական գնահատականներ, ընդ որում, խոսքը քաղաքապետական թայֆայի խուլիգանական վարքագծի մասին չէ, որը սովորական բան է դարձել, և թաղապետերն ու ավագանու կազմում հայտնվածները բացահայտ հարձակվում են Ավինյանին քննադատողների վրա, այլ անթաքույց կոռուպցիոն դրսևորումների վրա, որի դեմ Փաշինյանի պայքարը սահմանափակվում է յուրային կոռուպցիոներներին փրկարարական ծառայություններ մատուցելով: Այլ կերպ չի կարող ընկալվել, օրինակ, նրա կողմից ԱՆԻՖ հիմնադրամում վատնումների ու կասկածելի ծրագրերի գնահատումն ընդամենը որպես ձախողում որակելը, երբ այլ անձանց դեպքում կառավարության նիստի ուղիղ եթերը սպառում է պետականաշինության ու կոռուպցիայի դեմ պայքարի անխզելի կապի վերաբերյալ դատարկ ու իմաստազուրկ դասախոսությամբ:
Այսինքն՝ եթե վատնումի ու ֆինանսական միջոցների փոշիացման հեղինակը ՔՊ-ական յուրային պաշտոնյա է, ապա դա ընդամենը ծրագրի ձախողում է, հակառակ դեպքում՝ կոռուպցիոն դրսևորում ու երկրի ավերում:
Ծայրահեղ դեպքում Փաշինյանը հայտարարում է, որ կոռուպցիայից բան չի հասկանում, ու այս համարով էլ չզանգեն, բայց մի քիչ հետո տեսնում ենք, որ հրատապ ռեժիմով հայտարարում է, որ ինչ-որ դարն ապրած Range Rover ավտոմեքենա են հաջողացրել դարձնել պետական սեփականություն:
Բավական է՝ քննչական ու օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները (այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող) մի պահ կտրվեն համացանցում և սոցիալական ցանցերում ընդդիմադիրներին մոնիտորինգ անելուց և հետևեն քաղաքապետարանի շարժին, որպեսզի ժողովրդին ապահովեն կոռուպցիայի դեմ պայքարի գեղարվեստական արժեք ներկայացնող տեսարաններով, որը «Տիկ-Տոկի» ու «Յութուբի» հանդիսատեսին մի ողջ տարի կբավականացնի:
Երկրի խորհրդարանում պետական բյուջեի քննարկման ընթացքում Երևանի քաղաքապետի ելույթը լի էր ինքնախոստովանական ցուցմունքներով` համայնքի բյուջեն իբր բազմապատկելու բենդերական մեխանիզմների կիրառմանը տիրապետելու մասին:
Երևանում բնակվող յուրաքանչյուր չափահաս մարդ իր համայնքում տեսնում է քաղաքապետարանի տիրույթի կոռուպցիոն դրսևորումները և այն «ներկայացումները», որոնցով դրանք ներկայացվում են՝ իբր նվեր երևանցիներին:
Բավական է նայել ցանկացած քաղաքաշինական ծրագիր, որոնք ներկայացվել են իբր երևանցու բարեկեցությամբ մտահոգ Ավինյանի կողմից, և կտեսնենք, որ դրանք բացարձակ կապ չունեն երևանցու հետ: Մի քիչ ավելի խորը նայելու դեպքում կբացվեն այն ստվերային մեխանիզմները, որոնց վրա աչք են փակել նաև այդ երևույթների դեմ պայքարելու համար նաև Ավինյանի շնորհիվ պետական պաշտոններ զբաղեցրած անձինք:
Երևանի քաղաքապետը կամ վերջինիս հանձնարարությամբ ինչ-որ մի քաղաքական տեխնոլոգ մի հնարք է մշակել, որով քաղաքապետը ծխածածկույթ է ապահովում բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր ունեցող քաղաքաշինական ծրագրերի քողարկման համար: Դե, իհարկե, տեսահոլովակ չի նկարահանվում այն մասին, որ սեյսմիկ գոտում գտնվող մայրաքաղաքում հախուռն կառուցապատումն ըստ էության հետապնդում է բացառապես ֆինանսական նպատակներ և ոչ մի կապ չունի քաղաքի զարգացման հետ: Իսկ տրամադրված շինարարական թույլտվությունների տեխնիկական աուդիտի պայմաններում, եթե իրավապահ մարմիններին քաղաքական զսպում չլինի, ապա քրեական գործերը մի քանի ընտրության PR հաստատ կապահովեն, իսկ առանց քրեական գործերի` մի քանի ընտրություն կֆինանսավորեն:
Հ.Գ. Իմիջիայլոց, ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարողները չե՞ն ուզում հասկանալ, թե ինչ սխեմայով են իրականացվել Երևանում «անսպասելի» տեղացած ու քաղաքը պարալիզացրած ձյունից հետո փողոցների ու բակերի՝ աղի և ավազի մշակման աշխատանքները, և արդյո՞ք Նորք-Մարաշում քաղաքապետի տունն էլ էր այդ սխեմայում, կամ ինչո՞ւ ներկայացված ծավալից հետո քաղաքն անմխիթար վիճակում էր: